ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ զրույցում ՍԴ անդամ Գոռ Հովհաննիսյանին փաստաթղթերի խառնաշփոթով որպես թեկնածու գրանցելու հետ կապված պարզաբանումներ տվեց: Նա ասաց, որ պատասխան նամակով դիմել է՝ առաջարկելով սխալներն ուղղել, ուղարկել ամեն ինչ հայերեն, ոչ թե գերմաներեն:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն եք տեսնում այդ պաշտոնում, դրա համար հիմա արդեն Գոռ Հովհաննիսյանի հետ կապված նման խնդիրներ եք մատնանշում՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ բոլոր հնարավորություններն ունեցել է նրա թեկնածությունը չգրանցելու: Դիտարկմանը, որ ձեւական գրանցել եք, որ հետո հնարավորություն ունենաք չընտրել՝ նա պատասխանեց, որ ՀՀ եւ Սահմանադրությունը, եւ օրենքները ասում են, որ ամեն ինչ պետք է լինի հայերեն. «Որպեսզի Գոռ Հովհաննիսյանին օրենքի տառից կառչելով, ձեւական պատճառաբանությամբ այդ հնարավորությունը չսահմանափակվի, թեկնածությունը գրանցվել է: Հետո ասել ենք՝ ուղարկեք հայերենը: Այդքանից հետո ասում եք՝ արհեստական խոչընդոտ է ստեղծվում, որ դուռ բացվի Վահե Գրիգորյանի համա՞ր»:
Նա վստահեցրեց, որ արհեստական խոչընդոտ ոչ միայն չի ստեղծվել Հովհաննիսյանի համար, այլ նաեւ նոր հնարավորություն է ընձեռվել նոր փաստաթղթեր ուղարկելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ