Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ «Իմ քայլին». «Միանգամից ասեիք, որ դեմ եք, որ չեք ուզում՝ Գոռ Հովհաննիսյանը դառնա ՍԴ անդամ»

Ապրիլ 16,2019 16:50

ԱԺ այսօրվա նիստում ավարտվեց Գոռ Հովհաննիսյան-պատգամավորներ հարցուպատասխանը: Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցը:

Ամփոփիչ ելույթի իրավունք խնդրած «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, վկայակոչելով փաստաթղթեր, հայտարարեց, որ թեկնածուի աշխատանքային փորձառությունը բավարար չէ. օրենքը 15 տարի է սահմանում: Նույն հարցադրումն էր արել նաեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ամփոփիչ ելույթի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարություն արեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Քննարկման առաջին հատվածը վերաբերում էր նրան, թե արդյոք նա կարո՞ղ է լինել թեկնածու, թե ոչ: Զարմանում եմ, թե ինչո՞ւ ենք դա քննարկում: Զարմանում եմ, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունն է վիճարկում նրա թեկնածության հարցը, որովհետեւ նա արդեն իսկ գրանցված է որպես թեկնածու, էլ ինչի՞ եք նրան նման հարցեր ուղղում: Մենք պետք է քննարկեինք՝ ուզո՞ւմ ենք՝ նա դառնա ՍԴ դատավոր, թե ոչ»,-նկատեց Էդմոն Մարուքյանը:

Նրան չէին գոհացրել «Իմ քայլի» հարցադրումներն ուղղված Գոռ Հովհաննիսյանին. «Հենա միանգամից ասեիք, որ «տեղ չունեք»: Կարելի էր ի սկզբանե ասել, որ դեմ եք, որ չեք ուզում նա դառնա ՍԴ անդամ: Ես էլ չեմ կիսում նրա որոշ «ֆեյսբուքյան» գրառումներ, բայց տպավորություն է, որ դուք նրանում համախոհի եք փնտրում, որը մեր պատկերացրած բառերով պետք է գնահատական գա Ռոբերտ Քոչարյանի գործին, մարտի 1-ի իրադարձություններին, ՍԴ նախկին որոշումներին: Չի կարելի ՍԴ անդամի թեկնածուին որպես համախոհի նայել»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ թեկնածուն բավականին լավն է. «Նա որեւէ կապ չի ունեցել նախորդ իշխանությունների հետ, եւ, ինչպես ակնհայտ էր, կապ չունի նաեւ այսօրվա իշխանության հետ: Նա կարող է լինել դասական անկախ դատավոր, եթե նրանք ընտրենք: Գուցե որոշ հարցերի լավ չպատասխանեց, հռետորական արվեստին լավ չի տիրապետում, բայց ունենք լավ թեկնածու, որը Գերմանիայից եկել է Հայաստան: Մեր խմբակցությունը դրական է տրամադրված: Նրան ընտրելով՝ իրավունքի ոլորտում լավ ներդրում կարող ենք ունենալ»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ աշխատանքային փորձառության հետ կապված փաստաթղթային խնդիրներ կան, որոնք, այնուամենայնիվ, չեն շտկվել:

Եզրափակիչ ելույթում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ աշխատանքային փորձի խնդիր չկա. «Այն ժամանակահատվածը, որում աշխատել եմ այս կամ այն վայրում, կազմում է 15 տարի եւ ավելին: Պարզապես պատգամավորները մասնագիտական փորձառության փոխարեն ուզում են աշխատանքային ստաժ տեսնել: Ուստի ես լրացրել եմ փաստաթղթերը, տվել տեղեկանքներ՝ իմ աշխատանքային փորձառության մասին: Տպավորություն է, որ այս կամ այն դրույթն ի վնաս ինձ եք փորձում դիտարկել: Նիկոլայ Բաղդասարյանն ընդմիջման ժամանակ ինքը հաշվարկեց իմ ներկայացրած աշխատանքային պայմանագրերը եւ համոզվեց, որ իմ աշխատանքային փորձառությունն ավելին է, քան 15 տարին»:

Հիշեցնենք՝ օրենքի պահանջն է, որպեսզի ՍԴ դատավորի թեկնածուն նվազագույնը 15 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունենա: ԱԺ-ում Գոռ Հովհաննիսյանի թեկնածության փակ՝ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա 16:00-17:00-ն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930