ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանի խնդրին, նկատեց՝ շատ տրամաբանական է, որ ներկրված ցեմենտն ավելի էժան է, քան տեղական արտադրությանը։
Երեկ գործարանի աշխատակիցները բողոքի ցույց էին անում. գործարանի ղեկավարությունը աշխատանքից ազատելու ծանուցումներ է ուղարկել աշխատակիցներին: Ղեկավարությունը պնդում է, որ Իրանից ներկրված ցեմենտի հետ գնային մրցակցությանը չի դիմանում: ԱԺ-ում քննարկվում է ներկված ցեմենտի համար պետտուրք սահմանել եւ, այսպիսով` տեղական արտադրողին որոշակի աջակցություն ցուցաբերել: Սակայն «Արարատցեմենտ»-ը շահագործող «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարությունն ասում է՝ Իրանից նաեւ կլինկեր շինարարական նյութ է ներմուծվում եւ ավելի էժան, եւ կառավարությունը միայն ցեմենտի համար է պետտուրք սահմանում:
Գագիկ Մինասյանի ներկայացմամբ՝ Իրանը սուբսիդավորում է արտահանման ենթակա ապրանքները, եւ նման պարագայում հայկական արտադրողի համար առաջանում է ոչ մրցակցային իրավիճակ։
Մինասյանի խոսքերով՝ պետությունն իրավունք չունի չմիջամտել, երբ մրցակցությունը սուբսիդավորվող եւ ոչ սուբսիդավորվող տնտեսության միջեւ է։
Կարդացեք նաև
Տնտեսագետն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արարատցեմենտի» աշխատակիցների ցույցի մասին այն հայտարարությանը, թե դա գործարարի եւ աշխատակիցների ներքին խնդիրն է. «Պետության բարձր պաշտոնյան ասում է, սա տնտեսվարողի եւ աշխատակիցների ներքին խնդիրն է, բայց այդ մոտեցումը վաղուց մոռացված է կապիտալիստական հարաբերությունների աշխարհում»:
Մինասյանը նաեւ ասաց, որ մեր նման երկրի համար կարեւոր է արտահանումը, որի համար ներդրումներով տեխնոլոգիաների թարմացում է հարկավոր. «Մեր ձեռքի տակ եղած թվերը վկայում են այն մասին, որ ներդրումների առումով մենք լուրջ խնդիրներ ունենք: Դա խոսում է այն մասին, որ մոտ ապագայում՝ 1-2 տարում մեր տնտեսությունը կունենա ոչ մրցունակ իրավիճակ: Մեր տնտեսության ակտիվությունը պայմանավորված է ոչ արտահանելի ճյուղերի աճով, նվազել է սարք-սարքավորումների ներկրումը: «Լիդիանը» մեկ տարի է՝ չի կարողանում իրականացնել իր ծրագրերը, քաղաքացիներից ոմանք ուղղակի արգելել են իրականացնի իր բազմամիլիոնանոց ծրագիրը»: Մինասյանի կարծիքով՝ Լիդիանի նկատմամբ վերաբերմունքը արտաքին եւ ներքին ներդրողների համար ցուցիչ է, թե ինչ վերաբերմունք է այդ երկրում ներդրողի նկատմամբ:
Մինասյանի խոսքերով՝ երբ Լիդիանը հայտարարեց, որ դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան, տեղական դատարանը որոշեց, որ ցուցարարների քայլերն անօրինական են, որից հետո վերացավ այդ արգելքը: Հանրապետական նախկին պատգամավորն ասաց՝ սա ահազանգ է ներդրողին, որ իշխանության թողտվությամբ անօրինականորեն խոչընդոտվել է աշխատանքները:
Մինասյանը նաեւ «Սպայկային» անդրադարձավ, նկատելով՝ վարչապետը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը եւ մի քանի օր հետո ընկերության ղեկավարին կալանավորում են՝ 7 միլիարդ հարկ չվճարելու համար. «Վարչապետը երբ գնում էր գործարանի բացմանը չգիտե՞ր, որ հարկերը չեն վճարել: Սա անհասկանալի է. դուք դատապարտո՞ւմ եք, թե՞ խրախուսում, որ գնացել եք գործարանի բացմանը: Եթե խրախուսում եք, ինչո՞ւ եք կալանավորում»:
Մինասյանի կարծիքով՝ «Սպայկայի» հետ կապված պետության գործողությունները չափազանց բացասական ազդակներ են ուղարկում ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ներդրողների համար:
Նախկին պատգամավորն ասաց. «Աշխարհի բոլոր երկրներում ամենահզոր ընկերությունների հետ պետությունը հարկերի չվճարելու հետ կապված ունենում է խնդիրներ, բայց ոչ մի երկրում այդ ընկերության ղեկավարին չեն կալանավորում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ