Aravot.am-ն այսօր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից հանելու ուղղությամբ: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ատոմային ոլորտի մասնագետները մտահոգություն են հայտնում, որ ՀԱԷԿ-ի տարածքի ավազաններում, որտեղ պահվում է աշխատած միջուկային վառելիքն արդեն տեղ չկա, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Վրաստանի հետ պիլոտային ծրագիր իրականացնելու ուսումնասիրության փուլում են գտնվում, այս պահին աշխատում են տրանսպորտատեխնոլոգիական ուղու վրա:
Մեր հարցին՝ աշխատած միջուկային վառելիքի տեղափոխման ծառայությունը որքա՞ն կնստի բյուջեի վրա, Վրաստանով տեղափոխելու համար վրացական կողմին որքա՞ն ենք վճարելու, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեղափոխման գինը պայմանավորված է մի քանի գործոններով եւ այս պահին պիլոտային ծրագրի իրականացման տնտեսական արդյունավետությունը գնահատելու հաշվարկներ են կատարում:
Վերջին անգամ աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից տեղափոխվել է 1989 թվականին՝ Ադրբեջանի տարածքով: Այսօր սակայն, այդ ճանապարհը չկա եւ այլընտրանքը Վրաստանով է:
«Ռոսատոմ» ընկերության դուստր «Տեխսնաբէքսպորտ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Տովստենկոն հայտնեց, որ այդ հարցով Հայաստանի կառավարությունը դեռեւս պաշտոնապես չի դիմել ռուսական կողմին եւ ընթանում են բանակցություններ:
Կարդացեք նաև
Ըստ նրա, այդ հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ կառավարության մակարդակով, որից հետո միայն գործընթացին միանում են փորձագետներն ու կատարողները:
Պարոն Տովստենկոյի խոսքի մանրամասները՝ տեսանյութում
Պարոն Մարտիրոսյանն ու «Տեխսնաբէքսպորտ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Տովստենկոն մասնակցում էին Սոչիում կազմակերպված «Ատոմէքսպո 2019» երկօրյա միջազգային համաժողովին, որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ