Լրահոս
Օրվա լրահոսը

«10 մարդ է մահացել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պետության գործողությունները համաչափ չէին». Գոռ Հովհաննիսյան

Ապրիլ 16,2019 15:32

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցը:

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը. «2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալվե՞լ է»: Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ Մարտի մեկի գործի նյութերին մանրամասն ծանոթ չէ, բայց այն, ինչի մասին տեղեկացել է մամուլից, հետեւյալ եզրակացությունն անելու հիմք է տալիս. «Հավաքները ցրելու ընթացքում տասը մարդ է մահացել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պետության գործողություններն, ամենայն հավանականությամբ, չեն եղել համաչափ, այսինքն՝ պետությունն իր գործողություններով խախտել է համաչափության սկզբունքը»:

Գոռ Հովհաննիսյանը շարունակեց. «Դա սահմանադրական սկզբունք է, որի իրական խախտման դեպքում պետության գործողությունները դառնում են հակասահմանադրական: Հնարավոր է, որ եղել է սահմանադրական կարգի տապալում այն տեսանկյունից, որ պետությունն իր անհամաչափ գործողություններով խախտել է մարդու իրավունքներից մեկը՝ հավաքների ազատությունը»:

Հրաչյա Հակոբյանը հստակեցրեց հարցը՝ «ի վերջո, սահմանադրական կարգն այդ ժամանակ տապալվե՞լ է, թե ոչ»: Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բարդ հարցի վերաբերյալ իմ հստակ պատասխանն ակնկալելը ճիշտ չէ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հարցրեց. «Համարո՞ւմ եք, որ ՍԴ անդամները նախորդ իշխանության մեղսակիցներն են»: Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հատկապես ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումներն են եղել խնդրահարույց, եւ քանի որ մենք չենք կարող պարզել, թե ինչպես են կայացվել այդ որոշումները, չենք կարող ասել՝ ՍԴ-ն եղե՞լ է կամակատար, թե ոչ: Գուցե ՍԴ-ն ոչ լեգիտիմ ընտրությունները ճանաչել է լեգիտիմ եւ նպաստել, որ ոչ լեգիտիմ իշխանությունը վերարտադրվի, բայց դա պետք է պարզել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930