ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարծիքով, ոստիկանությունն այսօր հասարակության անվերապահ աջակցությունն է վայելում: Այդ մասին նա հայտարարեց ՀՀ ոստիկանության 101-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ: Ըստ Վալերի Օսիպյանի, ՀՀ ոստիկանությունն իր գործով է արձանագրել պետության երաշխավորը լինելու իր առաքելությունը:
Հիշեցնենք, ՀՀ ոստիկանության 101-րդ տարեդարձի եւ ոստիկանության օրվա առիթով, ՀՀ ոստիկանությունում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՔԾ պետը, Գլխավոր դատախազը, պաշտոնատար այլ անձիք։
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում վկայակոչելով վարչապետին, ասաց`անցած տարվա այս օրերին էր, որ լավագույնս երեւաց հայ ոստիկանի ապաքաղաքական լինելը:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ արձանագրեց` հասարակության բարձր վստահությունը դարձել է իրավապահ մարմինների աշխատանքի գրավական:
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գնահատմամբ էլ, ոստիկանը մեր երկրում պետք է ընկալվի որպես իրավապաշտպան: Նա արձանագրում է, որ խոշտանգումներով ցուցմունք կորզելու պրակտիկան այլեւս անցյալում է մնացել:
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ ոստիկաններին մաղթեց քիչ աշխատանք. «Մասնագիտություններ կան, որ եթե քիչ է աշխատանքը, դա օգուտ է ժողովրդին եւ պետությանը»:
Տոնի եւ տարեդարձի առիթով ոստիկանության համակարգի տարբեր աշխատողներ պարգեւատրվեցին մեդալներով, հուշամեդալներով, շնորհակալագրերով: Պարգեւատրվեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրան պարգեւատրեցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Արցախի ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը: Առաջին երկուսը`մեդալներով: Իգոր Գրիգորյանը` որսորդական ողորկափող հրազենով:
Համակարգի տարբեր աշխատակիցներ նաեւ դրամական պարգեւներ ստացան`150-600 հազար դրամի սահմաններում: Պաշտոնական արարողության ժամանակ նրանց դատարկ ծրարներ տվեցին: Գումարը փոխանցվել է հաշվեհամարներին:
Պաշտոնական արարողությունից հետո պաշտոնյաները նաեւ ֆուրշետի սեղանի շուրջ շնորհավորեցին միմյանց: Լրագրողների հետ խոսելուց էլ խուսափեցին:
Ավելի ուշ տեսախցիկներն արձանագրեցին, որ պաշտոնյաների ծառայողական մեքենաները ետնամուտքից մուտք գործեցին ոստիկանության շենքի բակ, ապա նույն մուտքից պաշտոնյաները հեռացան`առանց հարցերի պատասխանելու:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ