Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում. «Ժողովուրդ»

Ապրիլ 16,2019 14:14

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում, այս մասին հայտնեցին ընկերության տեսուչները։ Նրանց պատմելով՝ այն աշխատողները, որոնք այլեւս չեն աշխատելու որպես տեսուչ, աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում կստանան մինչեւ ապրիլի 26-ը։ Հայտնի դարձավ նաեւ, որ տեսուչները կստանան երկու ամսվա աշխատավարձ մինչեւ նոր աշխատանք գտնելը։ Բայց, փաստորեն, կան մարդիկ, որոնք պատրաստ են այս աշխատանքից ազատման վերաբերյալ պաշտոնական հրամանը վիճարկել դատարանում։

«Պատճառաբանում են, որ սահմանին գազի գինը բարձրացել է, իսկ կառավարությունը թույլ չի տալիս, որ բնակչության համար այն թանկանա, դրա համար էլ պետք է աշխատատեղեր կրճատեն, որ կարողանան իրենց շահույթը պահպանել։ Ամբողջ «Գարզպրոմ Արմենիա»-ն ուռճացված հիմնարկ է. մի աշխատասենյակում հինգ հոգի նստած են, բայց երբ խորանաս, հաստատ կպարզես, որ նրանցից երկուսը ավելորդ են։ Ընկերության ներսի աշխատողներին կրճատելու փոխարեն մեզ են ազատում»,- վրդովվեց տեսուչ Գեւորգը։ Նշենք, որ կրճատման հետեւանքով մի հսկիչը 500 բնակչին սպասարկելու փոխարեն կսպասարկի 1000 բնակչի։ Ի դեպ, նկատենք, որ այս դեպքում ավելանալու է հսկիչի աշխատանքային բեռը, բայց աշխատավարձը մնալու է նույնը։

«Քաղաքային համայնքներում, որտեղ բազմաբնակարան շենքեր են, մի հսկիչը սպասարկում էր 500-550 բնակչի, իսկ կրճատումներից հետո նա սպասարկելու է մինչեւ 1100 բնակչի։ Իսկ գյուղական համայնքներում, որտեղ սեփական սեկտորն է, այնտեղ հսկիչը 350-400 հոգու նույն աշխատավարձով սպասարկելու փոխարեն կսպասարկի 750-800 հոգու։ Ստացվում է՝ տուժում է ե՛ւ կրճատվող աշխատողը, ե՛ւ մնացողը։ Չէ՞ որ վերջինը կրկնակի աշխատանք է կատարելու նույն աշխատավարձով։ Ժողովներ են արել եւ բանավոր կերպով աշխատողներին զգուշացրել են կրճատվելու մասին, բայց ես չեմ շահելու ո՛չ մնալու եւ ո՛չ էլ կրճատվելու դեպքում։ Ըստ էության, իրենք ընտրություն կանեն լավ եւ վատ աշխատողների միջեւ։ Կան աշխատողներ, որոնք գումար են ստանում, բայց իրականում չեն աշխատում։ Թող իրենց կրճատեն»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց մեկ այլ տեսուչ։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930