Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ծատինյանի մայր. «Բաժնում ահավոր ծեծել են, Էդգարն ասում էր՝ էնքան էն խփել պոչկեքիս, ցավից մեռնում էի». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 16,2019 14:11

Էդգար Ծատինյանը ոստիկանություն է բերման ենթարկվել ապրիլի 6-ին 84-ամյա թոշակառու կնոջ սպանության գործի շրջանակում։ Տարեց կինը սպանվել էր դանակի 20 հարվածից, նրա բերանը կպչուն ժապավենով փակված էր եղել։

Սպանության հաջորդ օրը Ծատինյանը բերման է ենթարկվել։ Վերջինս նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել՝ խուլիգանություն կատարելու համար։

Նրա մայրը՝ Լարիսա Եփարյանը, որդուն բաժնում խոշտանգելու եւ բժիշկների անգործության վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց։ Նա նշեց, որ որդուն այդ օրը Ավան եւ Նոր Նորքի դատարանի տարածք էր կանչել այսպես կոչված նրա ընկերը՝ Ֆեդյան, նշելով, թե բան ունի ասելու։ Ըստ մոր պատմածի՝ որդին այդտեղ գնացել է հարեւանների՝ Աբրահամի եւ Էդգարի հետ. «Գնում են այդտեղ, որ Ֆեդյային տեսնեն, այդ պահին 7 մեքենա գալիս են, իր մեքենան փակում են, իրեն իջեցնում են ու ձերբակալում, մտցնում մեքենան։ Մեքենայի մեջ ծեծում, նվաստացնում են, հեռախոսը վերցնում են ձեռքից, թույլ չեն տալիս հանկարծ զանգի։ Կենտրոնի բաժնի ոստիկանները տանում են Մասիվի ոստիկանություն (Նոր Նորքի բաժին,-հեղ.)։ Բաժնում ահավոր ծեծել են, Էդգարն ասում էր՝ էնքան էն խփել պոչկեքիս, ցավից մեռնում էի։ Ասել ա՝ ջուր եմ ուզում, տարել են բաղնիք, գցել են քացու տակ, էնքան են քացով խփել, տղաս ասել ա՝ ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ոտքս ցավում ա։ Ոստիկաններն ասել են՝ ասա, որ ոտքդ ա, որ էդ ոտքդ կտրենք ու սկսել են հենց էդ ոտքին խփել։ Ջուրը շփել են վրեն՝ էս էլ քեզ ջուր։ Տարել ու ստիպել են՝ հենց հիմա գրի, որ դու տեսել ես, որ հարեւան Արմանն ու իր կինն են տատիկին սպանել։ Արմանն ու իր կինը երիտասարդ ամուսիններ են, փոքր երեխա ունեն։ Էդգարն ասել է՝ ես ըտենց բան չեմ գրի, ես չեմ տեսել, ո՞նց ըտենց բան գրեմ։ Ոստիկանն ասել ա՝ դե որ չես գրի, հեսա Քրիստիկին («Կրիստալ» տեսակի թմրամիջոց,- հեղ.) կգցենք ջեբդ, կգնաս 7-15 տարի կդատվես։ Տղաս երեք անգամ դատված է եղել խուլիգանության համար։ Ինքն էլ էդ վախից հանում ա, դեղը տոպրակով քցում ա բերանը։ Սրանք, որ տեսնում են՝ քցում ա բերանը, Էդգարին տանում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Իրա հետ լինում ա մեր թաղայիններից Բագրատը։ Այդտեղ իրեն չեն ընդունում, ինքը տենց գետնին ընկած մնում է, բացարձակ ուշադրություն չեն դարձնում տղայիս։ Էս Բագրատը ջղայնանում ա բժշիկների վրա, ասում ա՝ մի հատ օգնություն ցույց տվեք, ջահել տղա ա, օգնեք, ասել են՝ չէ, չէ, տարեք, կմեռնի, կմնա մեր վրա»,- պատմեց Ծատինյանի մայրը:

Նա ասաց, որ որդուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ եւս, ըստ տիկին Լարիսայի՝ բժիշկները պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել, ինչի պատճառով էլ որդին մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է։

«Գնամ տեսնեմ՝ էրեխես պառկած, թեւի մեջ մի հատ ասեղ ա մտցրած, անկապ էն փուչիկները սենց կախած ա, գրեթե մեջը դեղ չկա, իբր սիստեմա են տալիս։ Էդգարն ինձ ասեց՝ ասա թող մի հատ լուծողական տան գոնե, որ գա ընկնի։ Գնացել, ասում եմ, ինձ ասում են՝ գնա, հա, մենք գիտենք՝ ինչ ենք անում, ինչ պետք ա անում ենք։ Էդգարն ինձ ասեց՝ մամ, սրանք ինձ սպանելու են, սրանք հրաման ունեն, որ ինձ սպանելու են, դուրս չգաս սենյակից։ Այնտեղ կանգնած էին բժիշկները, լսում էին։ Պինդ ձեոքերս բռնել էր, ասում էր՝ դուրս չգաք, ինձ մենակ չթողեք, ինձ կսպանեն, էնտեղ խոսում էին, որ հրաման ունեն, որ ինձ սպանեն»,- պատմեց Ծատինյանի մայրը:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930