Լրահոս
Օրվա լրահոսը

Թադեւոս Տոնոյան. Նախարարության կողմից չի եղել նաեւ բովանդակային քննարկում կամ որեւէ դժգոհություն իրենց աշխատանքի հետ կապված. «Հրապարակ»

Ապրիլ 16,2019 14:02

«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսները հայտնվել են փակման վտանգի առջեւ։ Այս տարի առաջին անգամ բյուջեով նախատեսված գումարը բաշխելու համար կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ (տենդեր) է անցկացրել, արդյունքում մերժվել են բոլոր երեքն էլ։

«Աղբյուր» ամսագրի խմբագիր Թադեւոս Տոնոյանի գնահատմամբ, ԿԳՆ-ի կողմից գումար չհատկացնելն արդեն իսկ նշանակում է ամսագրերի փակում, քանի որ պետական աջակցությունն ամսագրերի տպագրության գրեթե 100 տոկոսն էր կազմում։ Անցած տարի պետությունն «Աղբյուրի» համար հատկացրել է 9 մլն դրամ, մոտավորապես այդքան՝ «Ծիծեռնակին», մի քիչ ավել՝ «Կանչին»։

Տոնոյանը նկատում է, որ ոչ մի չափորոշիչ չի եղել, միակ չափանիշը եղել է մատչելի գինը՝ առանց հաշվի առնելու այն նրբությունը, որ սա կրթության ոլորտն է։ Ավելին՝ տենդերը շահողներից մեկը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի։

Նախարարությունը չի հիմնավորել իր ընտրությունը, անգամ ստեղծված մեծ աղմուկը չի ստիպել, որ հանդես գան պարզաբանմամբ։ Տոնոյանը միայն նշում է, որ տենդերը հայտարարելուց 2 ամիս առաջ 3 հանդեսների խմբագիրները հանդիպել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով իր սեղանից վերցրել է տպագրվող ամսագրերից մեկը եւ ասել, որ եթե պետք է նման ձեւով տպագրենք, ապա ավելի լավ է՝ չտպագրենք։ «Հիմա այդ շահողներից մեկն այդ թերթոնն է։ Դա խոսում է նրա մասին, որ որեւէ չափորոշիչ չի եղել, գործել է միայն մի չափանիշ՝ ով ավելի էժան հայտ կներկայացնի»,- ասում է Տոնոյանը։

Նախարարության կողմից չի եղել նաեւ բովանդակային քննարկում կամ որեւէ դժգոհություն իրենց աշխատանքի հետ կապված, որ գոնե արդարացված լիներ նման վերաբերմունքը. «Սա մեր երկրի պատմությունն է, Չարենցն է եղել այս ամսաթերթի հիմնադիրը, ու հիմա հանկարծ պետք է մշակութային այս օջախը փակվի։ Դա նման է նրան, որ օպերային թատրոնում մեկը վատ երգի, նրան չգգուշացնեն, որ ինքը վատ է երգում, ու դրա փոխարեն Օպերան քանդեն»։

Ամսագրի խմբագիրը վստահ է, որ մշակութային ասպարեզում այդ տենդերները հիմարություն են, եւ անհեռատես մի քայլ է կատարվել։

Նա մտավախություն ունի, որ ԿԳ նախարարը գուցե խորապես տեղեկացված էլ չէ այս հարցից, հակառակ դեպքում 100-ամյա պարբերականների ճակատագիրը չէր թողնի բարձիթողի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930