ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցը:
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը. «ՀՀ-ում դատարանի եւ դատավորի հեղինակությունն առայժմ նախանձելի մակարդակում չէ: Ըստ ձեզ՝ նախկինում եւս աշխատած ՍԴ դատավորները քաղաքականապես անկա՞խ են գործել»:
Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հարցը պարզելու համար պետք է հնարավորություն ունենալ վերանայել ՍԴ նախորդ որոշումները: Բավարար փաստերի դեպքում պետք է հարուցել քրեական գործ՝ ապօրինի դատական ակտ կայացնելու հիմքով: Այլ դեպքերում ՍԴ ամեն անդամ կարող է իր անձնական կարծիքն ունենալ, որն ապացուցել հնարավոր չէ»:
Գոռ Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ՍԴ հեղինակությունը պայմանավորված է որոշումների համոզիչ լինելով. «Եթե դատարանի որոշումը վեճի կողմերին չի համոզում, հանրության վստահությունը մեծ չի լինի»:
Կարդացեք նաև
Հայկ Կոնջորյանը նկատեց. «Նախկինում ՍԴ-ն ընտրությունների արդյունքների արդյունքների վերաբերյալ կայացրել է որոշումներ, որոնք չեն գոհացրել հանրությանը: Այս տեսանկյունից ՍԴ դատավորներն անկա՞խ են եղել: Ասեք այնպես, որ քաղաքացիները դա հասկանան»:
Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս օրինակով ասեմ՝ եթե բժիշկը սխալ բուժում է նշանակել, դա չի ապացուցվի առանց համապատասխան փորձաքննության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ