Կոնկրետ քանի՞ նոր աշխատատեղ է բացվել Հայաստանում իշխանափոխությունից հետո, որևէ վիճակագրություն չկա։ Իրականում բարդ է նման վիճակագրություն ունենալը։ Թեև առանց դրա էլ՝ դժվար չէ պատկերացնել, թե այս ընթացքում ինչպիսի իրական փոփոխություններ է կրել աշխատաշուկան։ Նոր աշխատատեղերը, եթե նույնիսկ ստեղծվել են, ապա դրանց քանակը չափազանց քիչ է։ Բայց դա էլ թողնենք մի կողմ։
Փորձենք հասկանալ, թե 10 ամսում ի՞նչ 51 հազար աշխատատեղի ստեղծման մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։
Այսպես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2018թ. հունվարին Հայաստանում գործատուների կողմից հայտարարագրված է եղել 509 հազար 549 աշխատատեղ։ Արդեն 2019թ. հունվարին (հրապարակված վերջին տվյալն է) դրանց թիվը հասել է 560 հազար 586-ի։ Այսինքն՝ մեկ տարվա կտրվածքով աշխատատեղերի քանակն ավելացել է 51 հազար 37-ով։
Բայց այնպես չէ, որ դա տեղի է ունեցել բացառապես իշխանափոխությունից հետո։ Ընդհակառակը՝ անցած տարվա սկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետ չէր, Հայաստանում ավելի շատ նոր աշխատատեղ է հայտարարագրվել, չասենք՝ ստեղծվել, քան 2018թ. մայիսից մինչև այս տարվա հունվարը։
Կարդացեք նաև
Որպեսզի ասվածը հիմնավոր լինի, բերենք որոշ ցուցանիշներ. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018թ. ապրիլին Հայաստանում հայտարարագրված է եղել ավելի քան 538,3 հազար աշխատատեղ։ Նույն տարվա հունվարի համեմատ կամ մինչև իշխանափոխություն՝ աշխատատեղերի քանակն ավելացել է 28,7 հազարով։
Այժմ տեսնենք, թե քանի՞ աշխատատեղ է ավելացել իշխանափոխությունից հետո։ Դրա համար հարկավոր է, որպեսզի 2019թ. հունվարին գրանցված աշխատատեղերի թվից՝ 560,6 հազարից, հանենք անցած տարվա ապրիլին գրանցված աշխատատեղերի թիվը՝ 538,3 հազարը։
Կստացվի. որ իշխանափոխությունից հետո կամ մայիսից մինչև այս տարվա հունվար Հայաստանում գրանցված աշխատատեղերն ավելացել են 22,3 հազարով։ Սա ավելի քան 6 հազարով պակաս է փետրվար-մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գրանցված աշխատատեղերի քանակից։
Ահա սա է 2018թ. հունվարից 2019թ. հունվար կամ վերջին մեկ տարում աշխատաշուկայում արձանագրված փոփոխության պատկերը։ Եթե խոսքն այս ցուցանիշների մասին է, ապա այստեղ վարչապետը հպարտանալու քիչ առիթ ունի։
Նշենք նաև, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ այդ ընթացքում ավելացել է ոչ միայն մասնավոր, այլև պետական հատվածի աշխատատեղերի թիվը։ Այս տարվա հունվարին պետական համակարգում գրանցված է եղել ավելի քան 200 հազար աշխատող, ինչը 1,9 հազարով ավելի է 2018թ. հունվարի համեմատ։ Աշխատողների ամենամեծ քանակությունը զբաղված է կրթության համակարգում՝ գրեթե 109 հազար մարդ։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում