«Ինչ ասել եմ, իմ ասածները կարամ գրեմ, ստորագրեմ ու դրանից շեղում չի կարա լինի: Ծառուկլյանը արհեստական փչած, սարքած չի, Ծառուկյանը զրոյից կայացած, պատկերացնող, ժողովրդի հետ շփվող մարդ ա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա, անդրադառնալով «ԱրարատՑեմենտի» խնդրին, ասաց, որ այդ ցույցերը սադրիչներ են կազմակերպել: Ըստ նրա, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն է խնդիրներ հարուցել ու բացատրեց, թե ինչու, մանրամասներն՝ ավելի ուշ տեսանյութում:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ «առանց ամաչելու, ասում են, որ ցեմենտի հարկը Ծառուկյանի համար են արել», սակայն, ըստ նրա, վնասում են տեղական արտադրողին:
Խոսելով հետհեղափոխական իրավիճակի մասին՝ Ծառուկյանն ասաց, որ սփյուռքում բոլորն ուզում էին գալ, բայց հիմա «տոռմուզները քաշել, կանգնել են», թե ինչու, իրենց պետք է հարցնենք՝ պայմաններ չկան ներգաղթի համար:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին ինչո՞ւ է նա մարզ գնացել դիվանագիտական համարներով մեքենայով ու որտեղի՞ց իրեն այդ համարները: Ծառուկյանը պատասխանեց, որ փոխանակ հետաքրքրվենք, թե ինչի՞ է գնացել մարզ՝ ժողովրդին, գյուղացիներին դուխ տալու, համարներից են կառչում ու դրա գույնից. «Ծառուկյանի մեքենայի համարները կարմիր էր, թե սեւ էր, թե սպիտակ էր…Կարմիր էր նրա համար, որ եթե մարդ ընկերություն, շրջապատ չունի, չի կարա հասկանա: Սա բարեկամական հարաբերությունների, վստահության ինչ-որ նշան է, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ են եղել, բոլորդ էլ գիտեք կապն էլ, վստահությունն էլ, հարգանքն էլ»:
Թե ո՞վ է տրամադրել այդ համարները, պարզվեց՝ Բելառուսի դեսպանատնից. «Կգնաք համապատասխան դեսպանատուն, կասեն փաստաթղթերը ոնց ձեւակերպված է, դուք էլ կիմանաք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ