Հայաստանի ջրացատկորդները Կիեւում են: Նրանք մասնակցում են Ուկրաինայի բաց առաջնությանը:
Մեկնելուց առաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն Aravot.am-ին ասաց. «Կիեւ մեկնում են Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Նրանք կմասնակցեն աշտարակացատկին՝ սինքրոն ցատկեր եւ անհատական: Նախապես պլանավորել էի, որ սինքրոն ցատկում այս տարի զույգ պետք է կազմեն Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները: Բայց Ազատի հին վնասվածքը կրկնվեց եւ նա հիմա ապաքինման մեջ է: Բժիշկների խորհրդով պիտի վերականգնողական կուրս անցնի: Այդ պատճառով հարկադրված էի այդ փոփոխությունը կատարել»:
Հարցին, թե Լեւ Սարգսյանը բնակվում է Ստավրոպոլում, ինքը տեղյա՞կ է նրա մարզավիճակի մասին, պարոն Չանդիրյանը պատասխանեց. «Ես նրան իր անելիքների պլանները տվել եմ: Պետք է մարզումների ժամանակ ցատկերի ծրագրերը բարդացնի, որոշ տեխնիկական թերություններ շտկի: Մասնավորապես, եթե նա սինքրոն ցատկերում հանդես գալու ցանկություն ունի, պետք է մի ցատկ՝ 4,5 պտույտ առաջ առաջկանգ դիրքից կատարի ու կատարելագործի եւ կատարի պարտադիր ծրագրի երկու ցատկ, որոնք ոչ այնքան հաջող կատարելու պատճառով մենք Եվրոպայի առաջնությունում զրկվեցինք արծաթե մեդալից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ