Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության միֆը մեռնում է այն արագությամբ, ինչ արագությամբ ծնվել էր Ֆրանսիայի հրապարակում. «Հրապարակ»

Ապրիլ 16,2019 13:05

Հին համակարգի հույսը, որ կկարողանա դեռ մի որոշ ժամանակ գոյատեւել եւ ցույց տալ, թե Հայաստանում բան է փոխվել, մեծ հաշվով, չի արդարանում։ Մարդիկ այլեւս նույն մոլեռանդությամբ չեն հավատում նոր իշխանությանը, հեղափոխության միֆը մեռնում է այն արագությամբ, ինչ արագությամբ ծնվել էր Ֆրանսիայի հրապարակում։ Այս իրավիճակում համակարգը պետք է գնա նոր զիջումների, ինչն ակնհայտորեն պատրաստ չէ եւ չի ցանկանում։ Այն, ինչ տվել է այս հեղափոխությունը, արդեն իսկ առավելագույնն է, որ իր կամքով կարո» էր զիջել հին համակարգը։ Փաշինյանն այժմ ստիպված է բավարարվել այդ փշրանքներով, որովհետեւ ավելիի մասին խոսակցություն անգամ չի կարող լինել, որովհետեւ ավելին արդեն շոշափելու է համակարգի անձեռնմխելի շահերը։

Եվ ի՞նչ է անում Փաշինյանը։ Կարծում ենք՝ նա հասկանում է, որ տրագիկոմեդիան մոտենում է հանգուցալուծմանը, եւ, ըստ երեւույթին, արդեն մտքում որոշակի հաշվարկներ է անում գեղեցիկ հեռանալու հարցի շուրջ։ Բայց գեղեցիկ հեռանալ չի հաջողվելու, պարոն Փաշինյան։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ մեկ տարում ոչինչ չեք արել, այլ այն, որ համաձայնել եք ծառայել հին համակարգին եւ կամավոր ստանձնել մի գործ, որի նպատակն ամենեւին էլ նոր Հայաստան կառուցել չէր։ Ասում են՝ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով։ Ձեզ, պարն Փաշինյան, համակարգն է ստեղծել իր պատկերով, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ մեկ տարում Դուք նմանվեցիք այդ նույն համակարգի նախկին ղեկավարներին։ Փորձեք համադրել վերջին շրջանի Ձեր քայլերը նրանց քայլերի հետ, Ձեր պահվածքը՝ նրանց պահվածքի հետ, Ձեր տնտեսական հաջողությունները՝ նրանց տնտեսական հաջողությունների հետ, Ձեր թվանկարչությունը՝ նրանց թվանկարչության հետ, ժողովրդի խնդիրների հանդեպ ունեցած վերաբերմունքը՝ նրանց արհամարհանքի հետ, Ձեր կադրային քաղաքականությունը՝ նրանց կադրային քաղաքականության հետ։

Շատ չէ, մայիսին կգնա, մինչեւ աշուն հազիվ ձգի, Նոր տարին կդիմավորենք նոր ղեկավարով, այսպիսի բաներ են խոսում մարդիկ Փաշինյանի ու նրա կառավարության մասին։ Ընդհուպ սցենարներ են գրվում, թե «Իմ քայլի» որոշ պատգամավորներ «հեսա-հեսա» միանալու են ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին, որպեսզի վարչապետի թավշյա փոփոխություն իրականացնեն։ Այս ամենը, իհարկե, դավադրությունների տեսություն է, սակայն այլեւս իրողություն է փաստը, որ Փաշինյանն այսօր հին համակարգի գլխին նստած մի «հրեշտակ» է, որի հաշվին այդ համակարգը շարունակում է ապրել ու բարգավաճել՝ թող որ առանց ճչացող պաշտոնների ու ցցուն լծակների։

21-րդ դարն է, ինչի՞ վրա ենք զարմանում։ Մարդիկ, Վաշինգտոնում նստած, Աֆրիկայում, Վրաստանում, Ուկրաինայում հեղափոխություններ են անում։ Բայց քանի որ մենք հայ ենք, մեր հեղափոխությունը մենք արեցինք, էն էլ ինչ հեղափոխություն՝ թավշյա, ոչ բռնի… Մենք հո թույլ չէի՞նք տա, որ օտարները մեր հողում հեղափոխություն անեին ու, Աստված մի արասցե՝ մեր նորին մեծություն համակարգը «փչացնեին»։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930