Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցմանը զուգահեռ, միանգամից կուսակցությանն անդամակցեց մոտ տասը հազար մարդ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, հենց գազային ոլորտի և էլցանցերի աշխատակիցներ էին և նրանց ընտանիքի անդամներ: Ընդ որում, այդ հրապարակումները հիմնավորապես չհերքվեցին: Այդպիսով, ակնառու է, որ համակարգաստեղծ այդ ընկերությունը եղել է նախկին իշխող համակարգի քաղաքական գործիքներից մեկը, իհարկե ոչ միայն այդ նկատառումներով, սակայն մյուս ասպեկտներն իհարկե վերաբերում են արդեն Ռուսաստանի հետ հարաբերությանը: Ըստ այդմ, ներկայումս էլ կա հավանականություն, որ ընկերությունը ծառայում է նախկին համակարգի քաղաքական նպատակի, սակայն տվյալ պարագայում սոցիալական լարվածության ռիսկ պարունակող քայլերի մասին ակնարկելով, ըստ այդմ՝ Հայաստանի հանրության առաջ դարձյալ դնելով վճարելու խնդիր: Ընդ որում, այս առումով, իհարկե, հարցն ավելի լայն ասպեկտ ունի՝ նկատի ունենալով այն, որ հայ-ռուսական ավելի բարձր քաղաքական հարաբերության մակարդակում կարծես թե տարանջատվել է գազի, այսպես ասած, սահմանային հարցերի և ներքին տիրույթի քննարկումների պատասխանատվությունը, և տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը ստանձնել է հենց «Գազպրոմ Արմենիա»-ի ներքին կառավարման անարդյունավետությունը Մոսկվայում փաստարկելու խնդիր՝ սահմանային գնագոյացման հարցերում ամուր դիրքերի գալու համար:
Եվ այդ իմաստով էլ, աշխատատեղերի կրճատման մասին հայտարարությունը կարող է դիտարկվել որոշակիորեն հարված թիկունքից «սահմանում» բանակցող կառավարությանը, կամ գոնե դրա մի փորձ: Այս դեպքում, սակայն, շատ կարևոր է դառնում մեկ այլ հանգամանք՝ ի՞նչ է պարզել գազի ներքին շուկայում առկա վիճակի մասին աշխատանքային խումբը, որ ստեղծվել էր վարչապետի որոշմամբ: Միաժամանակ, ինչ դեր է ունենալու այստեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի նախագահի թափուր պաշտոնի համար վարչապետ Փաշինյանն առաջադրել է Գարեգին Բաղրամյանին՝ էներգետիկայի նախկին նախարարին, որը մինչ այդ էլ աշխատել է ՀԾԿՀ-ում և որը, ինչպես հայտնի է, Հայաստանի ԱԱԾ պետի քենակալն է: Դա, իհարկե, ի միջի այլոց: Թեև շատ դժվար է վիճարկել այն, որ գազի խնդիրը արդեն տարիներ շարունակ Հայաստանում հասունացած է ազգային անվտանգության և ինքնիշխանության հարցի մակարդակի: