Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ստիպելու է Հայաստանին իրեն ասել՝ «ոչ»

Ապրիլ 16,2019 22:00

Կյանքը ցույց կտա, հանգամանքների՞, թե՞ հայկական կողմի անուշադրության եւ բացթողման բերումով, բայց Մոսկվային սկսել է թվալ, որ եկել է ժամանակը վերսկսել անպարկեշտ առաջարկություններով խոսակցությունը Երեւանի հետ։

Վիեննայի հանդիպումից հետո շփոթմունքի մեջ հայտնված Բաքուն, բնականաբար, պետք է վազեր «հոգեհարազատ» Մոսկվա՝ խորհուրդ հարցնելու եւ հետագա անելիքները որոշելու։ Ինչպես հայտնի է, հետագա հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունները տարածվում են համաձայնեցված, երբ պայմանավորվածություններն արդեն կայացել են։ Սակայն, օգտվելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աֆրիկյան այցի պարագայից, պարոն Մամեդյարովը ոչ միայն օր առաջ ազդարարում է Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին, այլեւ դրան «Սերգեյ Վիկտորովիչի» մասնակցության մասին, իսկ «Սերգեյ Վիկտորովիչի» հիմնարկը ոչ միայն չի անդրադառնում դրան, այլեւ տիկին Զախարովայի շուրթերով հիշեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի «ամենաակտիվ դերի» մասին։ Նույնիսկ տիկին Մատվիենկոն է Բաքվում ինչ-որ «հույսեր» հայտնում, որ «քայլ առ քայլ գալու ենք որոշման»։

Այս հոդվածը լույս կտեսնի, երբ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Մոսկվայում կայացած կլինի։ Եվ անկախ նրանից, թե ինչ են խոսելու եւ ինչի են հանգելու այդ խոսակցության արդյունքում, հայկական դիվանագիտությունը, կարծես, պետք է վերհիշի անցյալի դասերը, թե ինչ է նշանակում հանդիպում Մոսկվայում, որը նախաձեռնում են Մոսկվան եւ Բաքում համատեղ։ Ինչպես ասում են՝ «հետեւեք ձեռքերին եւ պինդ սեղմեք դրամապանակը»։

Դրան նախորդած՝ վարչապետ Փաշինյանի այցը Ստրասբուրգ եւ ուշագրավ ելույթը ԵԽԽՎ ամբիոնից, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդի՝ Հայաստանին տրված բնորոշումը որպես «բացարձակ եվրոպական երկիր», գողապետական ռեժիմների կոռուպցիայից գոյացած փողերի լվացման մեխանիզմները ջարդելուն ուղղված բանաձեւի ընդունումը, Մոսկվայի՝ ԵԽԽՎ վերադառնալուն ուղղված ռուսական լոբբիի ջանքերի եւ ամենալկտի շանտաժի տապալումը գարնանային նստաշրջանին ուրվագծում են ձեւավորվող նոր իրողությունները։ Ըստ այդմ, Հայաստանն այլեւս դուրս է այն «պատվավոր լիգայից», որտեղ տարիներով գտնվում են Մոսկվան եւ նրան «հոգեհարազատ» Ալիեւի ռեժիմը, ինչն անխուսափելիորեն մերձեցնելու է նրանց ընդդեմ Հայաստանի եւ հայկական իշխանությունների։ Մի կողմում են ավտորիտարիզմը, իշխանության անփոփոխելիությունը, ֆանտաստիկ համակարգային գողությունը, անազատությունը, զանգվածային հիմարացման ռեժիմով աշխատող պրոպագանդան, մյուս կողմում՝ ազատությունը, ազատ ընտրությունները ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի քրեական հետապնդումը, խոսքի ազատությունը։

Եվ որքան էլ մենք փորձենք թաքնվել եւ Մոսկվային օգնենք թաքնվել «եղբայրական»-դիվանագիտական հռետորաբանության կամ հայ-ռուսական համատեղ զորավարժության ժամանակ հնչած «դաշնակցային» կրակոցների հետեւում, միեւնույն է, դա չի կարող փոխել իրերի դրությունը, քանի Երեւանի կողմից հստակ չհնչի հստակ «ոչ»-ը։ Միանգամայն հասկանալի է, թե Մոսկվան ինչու է այդքան շտապում։ Հայաստանում իր ազդեցության մնացորդները որքանով էլ մոբիլիզացնի՝ չոր մնացորդում ստացվում է մի-քանի «մտահոգված» բանսարկու, երկու հոգի «Կռիմ նաշ» գոռացող, մի տաս հոգի էլ հիսթերիկ «ավանդապաշտ», որոնք մանր խուլիգանության հոդվածով կարող են դատվել կամ տուգանվել հրապարակային զազրախոսության համար։ Իսկ նման որակի «օպերների», ինչպես նաեւ՝ նրանց միացած մի քանի, ըստ Լենինի՝ «օգտակար ապուշների» հույսին մնալով ուրիշ ի՞նչ անի Մոսկվան։

Գործը հասել է նրան, որ կառավարող մեծամասնության անդամ-պատգամավորն է մատնացույց անում, որ «Ռոսսիա» ռուսական պետական հեռուստաընկերությունը թշնամական պրոպագանդա է տարածում ընդդեմ Հայաստանի եւ հայերի, ինչն այլեւս «ազատ եւ անկախ ռուսական լրագրություն» չէ, այլ պետական քաղաքականություն, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահն ուղիղ տեքստով բազմիմաստ «բացատրություն տալիս», թե ինչու հիմա «ժամանակը չէ» այդ պրոպագանդայից ազգային եթերը մաքրելու, ասելով, որ կարող ենք այդ պատճառով «տարածքներ կորցնել, ինչպես Վրաստանը եւ Ուկրաինան»։

Իհարկե, գաղտնիք չէ, որ Վրաստանը եւ Ուկրաինան իրենց տարածքները կորցրեցին ամենեւին էլ ոչ այդ պատճառով, եւ այն աղբը, որը լցվել է ռուսական եթերից ընդդեմ Վրաստանի, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում՝ ընդդեմ Ուկրաինայի, դա ընդամենը ներխուժման եւ հիբրիդային պատերազմի «տեղեկատվական ապահովումն» է, երբ հեռուստացույցը գործածվում է նույն տրամաբանությամբ, ինչ հրետանին կամ տանկային զորքերը։ Եվ Ազգային հանձնաժողովի նախագահի համար էլ դա գաղտնիք չէ, ուստի նրա «բացատրությունն» էլ ավելի ուշագրավ է դառնում։
Բարեբախտաբար, այդ հեռուստաալիքները Հայաստանում չեն նայում, հիմնականում դրանց կացնային եւ հակաէսթետիկ բովանդակության, երկրում ինտերնետի եւ սոցցանցերի բարձր մակարդակի զարգացման, ինչպես նաեւ՝ այլընտրանքային աղբյուրների բազմազանության պատճառով, ինչից Ռուսաստանը եւ նրա հանրությունը հետ են մնացել, կարելի է ասել՝ ընդմիշտ, եւ ցավոք սրտի, Ռուսաստանում ապրող հարյուր հազարավոր հայեր՝ նրանց հետ միասին։

Ուստի, չկա որեւէ պատճառ շեղվելու հաստատված դիրքորոշումից, այն է. մենք շարունակում ենք ընթանալ համաձայն մեր պայմանագրային պարտավորությունների։ Եվ ուրեմն, դրանք չեն ներառում հավատարմությունը «Լավրովի պլանին», պայմանական Լավրովի քմահաճույքներին, նաեւ չեն ներառում նույն պայմանական Լավրովի նեոկայսերապաշտության եւ միջազգային արկածախնդրությունների հետեւանքները Լավրովի հետ հետ միասին մեր պարանոցից կախ տալը։ Եվ ոչ ոք թող չփորձի փորձության ենթարկել Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի կամքը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Մոսկվային միշտ է դավաճանել չափի, իսկ որոշ դեպքերում՝ իրականության զգացումը, եւ, ինչպես տեսնում ենք, ռուսները ջանք չեն խնայում, որպեսզի ստիպեն Երեւանին իրեն ասել՝ «ոչ»։

Հազիվ թե Մոսկվայում հանդիպելը լավ գաղափար է, եւ այդ հանդիպմանը Լավրովի «էքսկլյուզիվ» մասնակցությունը հազիվ թե լավ բանի հանգեցնի հայկական կողմի համար։ Ի վերջո, մենք ունենք 2016 թվականի փորձը, երբ նույն Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի ստիպված էր ընդունել քաղաքակիրթ խաղի կանոնները եւ ստանձնել պարտավորություններ, որոնք, սակայն, չէին բխում Մոսկվայի եւ Բաքվի, ինչպես նաեւ այդ երկուսի համատեղ շահերից։ Եվ նրանք, օգտագործելով Հայաստանի իշխանության խոցելիությունը եւ դիվանագիտության թուլությունը, տարան Սանկտ-Պետերբուրգ եւ թաղեցին Վիեննայի համաձայնությունները։ Իսկ հիմա այդ իշխանության մնացուկները գլուխ են ցավեցնում՝ թե ո՞ւր են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։ Դո՛ւք եք թաղել՝ 2016-ին, Վիեննայից մեկ ամիս անց։ Հիմա Մոսկվան ու Բաքուն փորձում են այս նույն խաղը խաղալ՝ հույս ունենալով, որ Երեւանը պետք է դրան ընդառաջի։ Ճիշտն ասած՝ դժվար է հասկանալը՝ Երեւանի ինչի՞ն է սա պետք լինելու, որովհետեւ հասկանալի է՝ ի՞նչ են ուզում Բաքուն եւ Մոսկվան, եւ հաստատապես հասկանալի չի լինի՝ ի՞նչ է ուզում Երեւանը, եթե Երեւանը դրան համաձայնվի։

Եվ երկրորդը, Ապրիլյան պատերազմը, որը «Լավրովի պլանի» դինամիկ փուլն էր, մեզ ցույց է տալիս, որ, համենայնդեպս, պարոն Լավրովի պերսոնալ մասնակցությունը որեւէ գործընթացի Մինսկի եռանախագահության ձեւաչափից դուրս միանշանակորեն միայն վնաս է հասցնելու հայկական կողմին, որովհետեւ շահերը, շահերի կառուցվածքը, ուղղվածությունը, աղբյուրը չեն փոխվել։ Հետեւապես, մենք հիմքեր չունենք որեւէ լավ բան սպասելու այս ամենից։ Համանախագահների մասնակցությունն, այնուամենայնիվ, ինքնին բալանսավորող գործոն է, եւ Երեւանն էլ բազմիցս, ի տարբերություն Բաքվի՝ հայտարարել է, որ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը միակն է եւ բացառիկը։ Այժմ եկել է ժամանակը Մոսկվային ինտենսիվ բացատրելու, որ պետք չէ գործը հասցնել նրան, որպեսզի Երեւանը ստիպված բարձրաձայնի իր «ոչ»-ը, եւ բացատրելու, որ լինելու է ոչ թե «եղբայրաբար», այլ հավասարաչափ, այսինքն՝ «օդ՝ հողի դիմաց» բանաձեւը Երեւանը վաղուց է հետ հանձնել պարոն Լավրովին, եւ չարժե ստիպել անել նույն բանն արդեն երկրորդ անգամ։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ինչպես միշտ նրբագեղ և ուղիղ նշանակետին։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930