Մոսկվան ղարաբաղյան կարգավորման գործընթացում երաշխավորի դեր է ստանձնում
Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացավ, որին մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Մոսկովյան բանակցությունները փակ են ընթացել: Ռուսաստանի արտգործնախարարությունում նախ հանդիպել էին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները, այնուհետեւ կայացել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ ձեւաչափով բանակցությունները, որոնց այնուհետեւ միացել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Մինչ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կարասինի հետ հանդիպմանը քննարկվել է բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու համանախագահող երեք երկրների ջանքերի կոորդինացումը։ Ռուսաստանյան գործակալությունները հայտնում էին, որ Մոսկովյան հանդիպումն անցնում է Ադրբեջանի եւ Հայաստան ղեկավարների՝ Վիեննայում մարտի 29-ին կայացած «առաջին պաշտոնական բանակցությունների լույսի ներքո»։
Կարդացեք նաև
Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպմանը քննարկել են իրադրությունը սահմանին եւ շփման գծում։ Քննարկվել են նաեւ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Ինչպես նաեւ մտքեր են փոխանակել կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Կողմերը նաեւ պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջեւ շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
Իսկ ՌԴ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում:
Այսպիսով, ռուսական հովանու ներքո անցկացված բանակցություններում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ արձանագրվել է այն ամենն, ինչի մասին խոսվում էր Վիեննայում վերջերս կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո: Մոսկվան ստանձնում է եւ, ըստ ամենայնի, նաեւ դառնում է կարգավորման գործընթացում քայլերի իրագործման եւ պահպանման երաշխավորը:
Նկատենք, որ Մոսկվա մեկնելուց առաջ՝ ապրիլի 13-ին, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ «Զոհրաբ Մնացականյանը եւ Մասիս Մայիլյանն եւս մեկ անգամ անդրադարձան Վիեննայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի, համանախագահների եւ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած հանդիպումներին: Նախարարները մտքեր փոխանակեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման եւ հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանը վերստին ընդգծեց, որ Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը եւ ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարեւոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:
Մինչ մոսկովյան բանակցությունները, նկատենք, որ ռուսական կողմը թեժ էր պահում ղարաբաղյան թեման: Պաշտոնական այցով Բաքվում էր Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ռուս պատգամավորների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարց էր հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Ռուսաստանի դիրքորոշումը հետեւյալն է. չկա խնդրի ռազմական լուծում, կա միայն դրա լուծման դիվանագիտական ճանապարհ: Ռուսաստանն անում է տարբեր ձեւաչափերով հնարավոր ամեն ինչ, որպեսզի կողմերը փոխզիջման հասնեն»,- նշել էր Վալենտինա Մատվիենկոն:
Այնուհետեւ Մատվիենկոն հիշեցրել է, որ ապրիլի սկզբին թեման քննարկվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ եւ մատնանշել էր ապրիլի 15-ին կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հանդիպումը՝ ղարաբաղյան թեմայի շուրջ: «Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերն է: Եւ դա պետք է հաստատել գործով: 2018 թվականին Իլհամ Ալիեւի Ռուսաստան կատարած այցի ժամանակ ստորագրվել էին թվով 15 նոր միջկառավարական համաձայնագրեր, իսկ մեր երկու երկրների նախագահների միջեւ վեց հանդիպում էր տեղի ունեցել անցած տարվա ընթացքում»,-նշել է Մատվիենկոն՝ հավելելով՝ «Քայլ առ քայլ, միասին կկարողանանք հասնել փոխզիջման, առաջ գնալ եւ լուծում գտնել»: Նա վստահեցրել է, որ Մոսկվան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան խնդիրը։
Անցյալ շաբաթ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ անսպասելիորեն արձագանքեց Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու եւ Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական առաջարկներին:
Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում, վստահեցրեց ՌԴ ԱԳՆ խոսնակը: «Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունը, ինչպես նաեւ մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկելու այս եւ այլ հարցեր արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայանալիք հանդիպման եւ Լավրովի մասնակցության մասին առաջինը տեղեկացրեց պաշտոնական Բաքուն՝ ապրիլի սկզբին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր. «Մոտ ապագայում (արդեն պայմանավորվել ենք), կհայտարարվի Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եւ համանախագահների մակարդակով հանդիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Վիկտորովիչը (Լավրով-խմբ.) նույնպես կմասնակցի», – ասել է նա: Նա մատնանշել էր հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Ընդհանուր ըմբռնումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ տեղաշարժեր են պետք, այլ կերպ արդեն անհնար է»,- ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ըստ Մամեդյարովի՝ նախօրեին Մոսկվայում (ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից) իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նա քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ հակամարտության կարգավորումը:
Ռուսական կողմն, ըստ ամենայի ոչ միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա «մատը զարկերակին» է պահում, այլեւ բանակցային գործընթացը կառավարելու դեր է ստանձնել, ընդ որում, կողմերի ցանկությամբ: Հիշենք, որ Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո երկուսն էլ հեռախոսազրույց ունեցան Ռուսաստանի նախագահի հետ:
Չի բացառվում, որ Մոսկվան ապագայում կդառնա նաեւ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման կնքահայրը: Լավրովի մասնակցությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը վկայում է այն շահագրգռվածության մասին, որն այսօր ցուցաբերում է Մոսկվան կարգավորման գործընթացում: Եվ ըստ ամենայնի, Ռուսաստանի ակտիվությունը հիմնված չէ բացառապես հանդիպումներ կազմակերպելու, հայտարարություններ անելու ու լրատվամիջոցների առջեւ լուսանկարվելու համար: Պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունները հիմք ընդունելով, կարելի է ասել, որ ռուսական կողմն, իսկապես, արդյունքներ է ակնկալում, եւ շոշափելի արդյունքներ:
Ամփոփումը՝ «Առավոտի» ապրիլի 17-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
16.04.2019