Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոտր-Դամի կրակը գրեթե մարված է. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

Ապրիլ 16,2019 11:41

Փարիզի Աստվածամոր տաճարում երկուշաբթի հրդեհ է բռնկվել, որի դեմ պայքարում էին ավելի քան ինը ժամ. կրակը ոչնչացրել է տանիքը, ժամը և աշտարակի սրաձողը, ինչպես նաև շենքի փայտե հատվածները: Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ լուրջ վնավածքներ է ստացել մեկ հրշեջ: Կրակն այս պահին ամբողջությամբ մարված չէ, բայց «վերահսկվում է», աղետի պատճառները դեռ պարզվում են, հաղորդում է BBC-ն:

Հրդեհն Աստվածամոր տաճարում բռնկվել է երեկոյան ժամը յոթի սահմաններում: Ընդամենը երկու ժամում քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների աչքի առաջ փլվել է գմբեթի տանիքը և սրաձողը:

Հրշեջները փորձում էին հանգցնել շենքի վերին հատվածում բռնկված կրակը, սակայն հանգուցավոր ամբարձիչների բարձրությունը չէր հերիքում. տաճարի բարձրությունը 35 մետր է, իսկ աշտարակներինը՝ 69:

Աղետի վայրում աշխատել է մոտ 500 մարդ: Օդից կրակը հանգցնելու փորձից հրշեջները հրաժարվել են՝ վախենալով, որ տաճարի կմախքը կարող է փլուզվել: Կրակը մեկուսացնել հաջողվել է միայն տեղի ժամանակով առավոտյան ժամը չորսի սահմաններում:

Ինչի՞ց է սկսվել

Հրդեհը բռնկվելուց արդեն մեկ ժամ անց հրշեջները հայտնեցին, որ, ըստ նախնական տվյալների, հրդեհի պատճառ են դարձել տաճարի վերականգնման աշխատանքները, որոնք սկսվել էին ապրիլին:

Տաճարը շրջափակված է եղել շինարարական փայտամածով, կրակը բռնկվել է ծածկի հետին հատվածում, և այդտեղից հասել տանիքին:

Ինչպե՞ս է զարգացել իրավիճակը

Հրդեհը բռնկվելուց երկու ժամ անց փլուզվեց 19-րդ դարում վերականգնված աշտարակի արճճապատ փայտե սրաձողը: Այդ պահին դեպքի վայրից ուղիղ հեռարձակում էին իրականացնում միջազգային առաջատար հեռուստաալիքները. սրաձողը փլուզվեց հենց ուղիղ եթերում:

Փլուզվել է նաև արճճե պլաստինից պատրաստված տանիքի մի մասը: Հրդեհը տարածվել է նաև տաճարի հենարան հանդիսացող կոնստրուկցիաների վրա՝ հասնելով մինչև ձախ աշտարակ:

Դրանից գրեթե անմիջապես հետո տաճարի մամուլի քարտուղար Անդրե Ֆինոն հայտարարեց, որ փայտե ինտերիերը բռնկվել է, և ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կոչնչանա:

Ավելի ուշ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ տաճարը հնարավոր չի լինի փրկել և առաջիկա մեկուկես ժամը կրիտիկական են:

Հետո նախարարությունից հայտնեցին, որ տաճարի կմախքը չի վնասվել: Գիշերը՝ ժամը մեկի սահմաններում, դեռ այրվող տաճար կարճ ժամանակով ներս մտավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այրվող տաճարի մոտ էր եկել դեռ երեկոյան:

Պարզվեց, որ շենքի հիմնական կոնստրուկցիաները և ինտերիերը պահպանվել են, անվնաս է նաև խորանը և խորանի խաչը: Կրակը չի դիպչել նաև տաճարում պահվող մասունքներին, մասնավորապես, Հիսուս Քրիստոսի փշե պսակին:

Տուժածների մասին

Տաճարի մուտքը փակվել է երեկոյան ժամը վեցին, և հրդեհը բռնկվելու պահին ներսում շատ մարդ չի եղել:

Նրանց հաջողվել է տարհանել, ավելի ուշ հրշեջները տարհանել են նաև ամբողջ Սիտե կղզու բնակիչներին (մոտ հազար մարդ): Այդպիսով, հաջողվել է խուսափել զոհերից:

Հրդեհը մարելու աշխատանքի ընթացքում լուրջ վնասվածքներ է ստացել մեկ հրշեջ:

Ի՞նչ է ասել Մակրոնը

«Մտքով ես բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիների հետ եմ: Ինչպես և իմ բոլոր համերկրացիների համար, ինձ էլ ցավալի է տեսնել, ինչպես է այրվում մեր մի մասնիկը»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ նա հետաձգել էր «դեղին բաճկոնների» ցույցերի վերաբերյալ իր նախատեսված ելույթը և կնոջ՝ Բրիջիտի հետ եկել էր տաճարի մոտ:

Արդեն գիշերը մտնելով այրվող տաճար՝ նա խոստացել է վերականգնել այն:

Մակրոնն ընդգծել է, որ դա պահանջում է Ֆրանսիայի պատմությունը և դրանում է ամբողջ հանրապետության ճակատագիրը: Նա նաև շնորհակալություն է հայտնել հրշեջներին խիզախության և պրոֆեսիոնալիզմի համար:

«Նոտր-Դամը մեր պատմությունն է, մեր գրականությունը, մեր հոգու մի մասնիկը, մեր մեծագույն իրադարձությունների՝ համաճարակների, մեր պատերազմների վայրը… մեր բնակիչների էպիկենտրոնը: Նոտր-Դամը շարունակում է այրվել, և ես գիտեմ՝ ինչ ցավ ու կսկիծ են ապրում հիմա մեր բազմաթիվ հայրենակիցներ»,- ասել է նա:

Կատարվածը նախագահն անվանել է սարսափելի ողբերգություն՝ նշելով, որ վատագույնից հաջողվել է խուսափել:

Կվերականգնե՞ն Աստվածամոր տաճարը

Երեքշաբթի Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը կհայտարարի համազգային հանգանակություն՝ տաճարի վերականգման համար:

Ֆրանսիացի գործարար Ֆրանսուա-Անրի Պինոն խոստացել է տաճարի վերականգնման համար հանգանակել 100 մլն եվրո: Միջոցներ կհատկացնի նաև Artemis ներդրումային ընկերությունը, որը պատկանում է Պինոյի ընտանիքին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ից հայտարարել են, որ կփորձեն օգնել շենքի վերականգնման աշխատանքներում: Զուգահեռաբար ֆրանսիացիներն առանձին հանգանակություն են սկսել համապատասխան հարթակներում:

Մակրոնն էլ հայտարարել է, որ պատրաստվում է սկսել միջազգային հանգանակություն:

Ֆրանսիայի կաթոլիկ եպիսկոպոսների ներկայացուցիչ Էրիկ դե Մուլեն Բոֆորն ասել է, որ տաճարի վերականգնման համար կպահանջվեն տարիներ:

Ինչպե՞ս են արձագանքել աշխարհում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային առաջնորդներից առաջիններից մեկն է մեկնաբանել հրդեհը:

Մասնավորապես, Twitter-ում նա առաջարկել է կրակը մարելու համար օգտագործել ավիացիա: Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունից պատասխանել են, որ դա կարող է հանգեցնել կմախքի փլուզմանը: Ավելի ուշ Թրամփը գրել է, «Աստվա՛ծ, պահպանի՛ր Ֆրանսիայի ժողովրդին»:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հրդեհն անվանել է ողբերգություն համայն մարդկության համար և ցավակցություն հայտնել ֆրանսիացիներին:

«Ի՜նչ ցավալի է տեսնել այրվող տաճարի այս սարսափելի պատկերը: Նոտր-Դամը Ֆրանսիայի և մեր եվրոպական մշակույթի խորհրդանիշն է: Մտքով մենք մեր ֆրանսիացի ընկերների հետ ենք»,- ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության մեջ:

Հրդեհի կապակցությամբ ցավակցություններ են հայտնել նաև Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը:

Վատիկանից հայտարարել են, որ խորապես ցնցված են կատարվածից, իսկ Աստվածամոր տաճարն անվանել են քրիստոնեության խորհրդանիշ:

Ո՞վ է մեղավոր

Առայժմ հրդեհի մեղավորները հայտնի չեն:

Փարիզի դատախազությունը քննություն է սկսել՝ ոչ կանխամտածված վնաս հասցնելու գործով:

Կատարվածի քրեական կամ ահաբեկչական բնույթը Ֆրանսիայի իրավապահ մարմինները բացառում են:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930