ԱԺ հերթական նիստում այսօր քվեարկվեց «Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն ԱԺ 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել այս օրինագծին: «Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ամփոփ ներկայացնելու հնարավորություն տրվեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, որը նախագծի հեղինակներից է: Նա հայտարարեց. «Զարմանալի չէ, որ մեր նախագծերը բացասական եզրակացությամբ կառավարությունից գալիս են ԱԺ՝ առանց հիմնավորման, բայց ԱԺ շարունակում է նախկին «բարի» ավանդույթները՝ կատարելով կառավարության պահանջը»:
Պետրոսյանն այնուհետեւ հիշեցրեց, որ իր օրինագծով՝ պատգամավորի օրինական գործունեությունը պատժվում է տուգանքով. «Գործող օրենքով՝ պատգամավորն իրավունք ունի հարցումներով դիմել պետական եւ այլ մարմինների, մինչդեռ ամիսներ շարունակ հարցումներն անպատասխան են մնում: Սա՞ է խորհրդարանական պետության վիճակը: Այսպե՞ս ենք խորհրդարանական վերահսկողություն իրականացնում»:
Պետրոսյանը համոզմունք հայտնեց՝ շատ վատ է, որ կառավարության դիրքորոշումներն ԱԺ հանձնաժողովներում մեխանիկորեն բացասական եզրակացություն են ստանում:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ Գեւորգ Պետրոսյանի բարձրաձայնած հարցն իսկապես կարեւոր է, բայց արդյոք պատգամավորի գործունեության խոչընդոտման այնպիսի դեպքեր են գրանցվում, որոնք անհրաժեշտություն են առաջացնում վարչական պատասխանատվության ենթարկել որոշ անձանց. «Կարծում եմ՝ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունենք: Սա հանձնաժողովի դիրքորոշումն է: Գտնում ենք, որ այս պահին նման օրենքի կարիք չկա»:
Կարդացեք նաև
Օրինագիծը ԱԺ այս նստաշրջանում քննարկելուն կողմ քվեարկեց «39», իսկ «դեմ»՝ 51 պատգամավոր:
Քվեարկությամբ մերժվեց նաեւ ԱԺ այս նստաշրջանում քննարկել այն օրինագիծը, որով ԲՀԿ-ն առաջարկում էր մարտական հերթափոխի տանել ոչ թե 18 տարեկաններին, այլ փորձառու զինծառայողներին:
Պատգամավորների քվեարկությամբ մերժվեց նաեւ «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքայինը եւ սպան կարող է անցնել առողջական վիճակի համալիր հետազոտություն եւ բժշկական փորձաքննություն՝ ծառայության ավարտից ոչ ուշ, քան մեկ ամսում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ