Անցումային արդարադատության գործընթացի շուրջ առաջիկայում արդեն սպասվում են լսումներ: Այդ գործընթացի արդյունքում, ըստ մի շարք հայտարարությունների, ակնկալվում է հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալ: Անցումային արդարադատության, ինչպես նաև ընդհանուր իրավական համակարգի շուրջ զրուցել ենք «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
«Եթե այդ քննարկումների արդյունքում հստակեցվի մոդելը, հնարավոր կլինի հետևություններ անել: Մասնավորապես, այն արդյոք հասարակության մեջ ավելորդ լարվածություն չի՞ բերելու և արդյոք իսկապես ծառայելո՞ւ է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը»,-ասաց նա՝ այդ համատեքստում ընդգծելով, որ առանց այդ էլ մեր հասարակության մեջ այսօր շատ լարված մթնոլորտ է՝ հասարակության տարբեր շերտեր գտնվում են բարիկադների տարբեր կողմերում:
Շարունակելով խոսել անցումային արդարադատության մասին և անդրադառնալով այս ընթացքում շրջանառված «մեղավորության կանխավարկածին», «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը», նա նշեց. «Եթե անցումային արդարադատությունը դիտարկվում է որպես դատական համակարգին զուգահեռ որևէ մարմին, դա նշանակում է, որ այստեղ սուբյեկտիվիզմի գործոնը, այսպես, թե այնպես, առկա է լինելու: Եթե դա լինելու է վերդատական որևէ մարմին, ապա դա էլ իր հերթին հակասում է մեր Սահմանադրությանը: Ես չգիտեմ՝ նման քննարկումներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է քննարկումներին, որոնք առնչվում են մեղավորության կանխավարկածին, ապա այդ տերմինն օգտագործելն ինքնին արդեն իսկ ոչ իրավական է: Առհասարակ տարբեր իրավական հասկացություններ այս պարագայում տարբեր կերպ են մեկնաբանվում և խառնվում են իրար: Մեծ հաշվով, այսպիսի մոտեցման պարագայում, իհարկե, անցումային արդարադատությունը մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչ վերաբերում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, ապա երբ ի սկզբանե խոսվեց այդ հասկացության մասին, այն ներկայացվեց բավականին աղավաղված: Տպավորություն ստեղծվեց, որ այն դատարանից անկախ գործընթաց պետք է լինի: Մինչդեռ միջազգային տարբեր փաստաթղթերով սա իր մեջ բոլորովին այլ հասկացություն է պարունակում, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ մեր իրավական կարգավորումները պետք է շատ զգույշ արվեն: Դրանք բացառապես միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է արվեն: Հակառակ պարագայում սա կարող է տարբեր չարաշահումների տեղիք տալ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: