Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ բռնկվեց աշխարհի ամենաայցելված ու գեղեցիկ շինություններից մեկում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում: Կրակը մարվել է Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում:
Տարբեր վարկածներ սկսեցին շրջանառվել, քանի որ Զատկից առաջ Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկը համարվող սրբավայրի հրդեհը կասկածներ է հարուցում: Ըստ նախնական վարկածներից մեկի՝ հրդեհի պատճառը տաճարում ընթացող վերականգնողական աշխատանքներն են, սակայն դա էլ վիճելի է թվում :
Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է, որտեղ տարեկան ավելի քան 12 միլիոն մարդ է այցելում; Այրված տաճար է այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վստահեցրել, որ աշխարհի լավագույն մասնագետների ջանքերով կփորձեն վերանորոգել այն:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի նախագահը նաեւ իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որ մեծ տխրությամբ է տեսնում, թե ինչպես է այրվել իրենց մի մասնիկը:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հայրենակից, լրագրող Լուսինե Խաչատրյանը, որը Փարիզի մոտակայքում է ապրում, նշեց, որ տաճարի հրդեհվելու լուրն իսկ շոկային էր: «Կոնկրետ ինձ համար շոկ էր, քանի որ, երբ Փարիզ են ասում, ես առաջինը Ազնավուր ու Աստվածամոր տաճար եմ պատկերացնում: Անցյալ տարի եւ այս տարի Սուրբ Ծննդյան արարողությանն եմ ներկա եղել Փարիզի Աստվածամոր տաճարում, ասեմ, որ շատ զգացմունքային էր: Հիմա մի տեսակ չեմ պատկերացնում, որ այդ հսկայական, պատմական հուշարձանը ավերակ է դարձել:
Ֆրանսիայի տարբեր քաղաքներից մարդիկ են գալիս, որ կարծես վերջին անգամ տեսնեն այն: Հատկապես կաթոլիկ համայնքի համար շատ ծանր է»,-ասաց Լուսինե Խաչատրյանը:
Նրա խոսքերով, դժվար է այդ մասին խոսելը. «Մարդիկ լաց են լինում, տարբեր վայրերից գալիս են՝ եւ զբոսաշրջիկներ եւ Ֆրանսիացիներ, շատերը լաց էին լինում, ֆրանսիացիները ծնկաչոք Ավե Մարիա էին երգում»:
https://www.youtube.com/watch?v=7-gQPoO_fyI
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ