Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. «Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ քաղաքացու հետ պետք է խոսել «դուք»-ով, հիմա ինքն է «դու»-ով խոսում». «Իրատես»

Ապրիլ 16,2019 10:19

Կուսակցության Մելիք-Ադամյան գրասենյակում երեկ աշխույժ անցուդարձ էր: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական թևի, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ վստահեցրեց, որ կուսակցությունը համալրվում է նոր անդամներով, որոնք հիմնականում երիտասարդներ են: Հանրապետականի ակտիվացման, ներքին ու արտաքին խնդիրների շուրջ զրուցեցինք ՀՀԿ անդամի հետ:

-Ըստ Փաշինյանի, ՀՀԿ-ն շարունակում է և՛ արտաքին, և՛ ներքին հարցերի համար հիմնական մեղավորը լինել, քանի որ յուրաքանչյուր խնդրի մասին խոսելիս նա առաջինը հիշում է, թե ինչ ասացին կամ ինչ են արել ժամանակին հանրապետականները։ Մինչև ե՞րբ եք պատրաստվում խանգարելու նոր իշխանությանը։

-Մեզ անընդհատ հիշելը պայմանավորված է ասելիքի ու անելիքի բացակայությամբ։ Չեմ հասկանում, թե ինչու Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ՀՀԿ-ն կպչուն գաղափար է դարձել, պարզվում է` հանրապետականի ուրվականը շրջում է ԱԺ-ով ու կառավարությունով։

-Ավելի վաղ էլ խոսում էին ՀՀԿ-ի «մահվան» մասին։

-Սպիրիտիկ սեանս են անում։ Հիմա Դուք ՀՀԿ գրասենյակում եք, աշխատանքները բնականոն ընթանում են։ ՀՀԿ-ն Հայաստանի 4-րդ քաղաքական ուժն է։ Ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ ժամանակին իրենք էին 4-րդ ուժը, այն էլ երեք կուսակցություններով։ Դեռ երկար ժամանակ Փաշինյանը կշարունակի ՀՀԿ-ին հիշել, մինչև հանդգնություն ունենա ասելու, որ այսինչ ձախողումն իր սխալ, տկար քաղաքականության արդյունքն է։ Երբ խիզախություն կունենա ասելու, որ այսինչ ոլորտի պատասխանատուին նշանակելիս հիմարություն է արել։ Երբ մի մարդու ուզում էին նշանակել թաղապետ, բայց չնշանակեցին, որովհետև բարձրագույն կրթություն չուներ, նշանակեցին փոխքաղաքապետ, նշանակում է պետք է վերանայի կադրային քաղաքականությունն ամբողջությամբ։

-Ներքաղաքական կյանքում քաոսային իրավիճակ է։ Ամեն օր հերթական աղմկոտ դեպքն է մատուցվում հանրությանը։ Տրանսգենդերի աղմուկը չմարած, մաքսատան աշխատակցի ու դրոշի պատմությունը մեջտեղ եկավ, հետո էլ Զարթոնք գյուղի միջադեպը։ Ե՞րբ է կանոնակարգվելու ներքին կյանքը։

-Ես Փաշինյանին ու իր թիմին լավություն չեմ անի` ներքաշվելով տրանսգենդերի թեմայի մեջ, մի կողմ թողնելով արտաքին ու ներքին լուրջ խնդիրները։ Նրանց չի հաջողվելու դրանք դարձնել հիմնական քաղաքական օրակարգի հարցեր։ Ինչ վերաբերում է մաքսատան աշխատակցին, կարծում եմ, այդ առավոտյան Նիկոլ Փաշինյանը շատ էր նայել Լուկաշենկոյի տեսանյութերը։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ քաղաքացու հետ պետք է խոսել «դուք»-ով, հիմա ինքն է «դու»-ով խոսում։ Հայաստանում շատ մաքսակետեր կան, հիմա կարող է շրջել բոլոր տեղերում ու հատ առ հատ դրոշներ, կեցվածք ստուգել կամ համակարգային լուծում տալ խնդրին։

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930