Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան ապրանքափոխանակման ծավալների ավելացումը և նոր ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը

Ապրիլ 15,2019 23:07

1991 թվականին Հայաստանի անկախացումից ի վեր, կովկասյան տարածաշրջանում թշնամի հարևանների կողմից  մեր երկրի դեմ սահմանված շրջափակումների արդյունքում Հայաստանը հայտնվեց տրանսպորտային և տնտեսական ծանր վիճակում, ինչը շարունակվում է մինչ այժմ:

1988 թ.-ին Սպիտակի ահավոր երկրաշարժը և Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ հրահրված պատերազմը նորանկախ Հայաստանի համար ստեղծեցին տնտեսական և էներգետիկ, ինչպես նաև ապրանքափոխանակման քաոսային դրություն: Սակայն, Հայաստանին շրջապատող մուսուլման երեք երկրներից միայն Իրանի իսլամական հանրապետությունն էր, որ զգալով հարևան երկրի ծանր պայմանները, անվերապահորեն սահմանները բացելով Հայաստանի վրա, աջակցություն ցուցաբերեց Հայաստանին և հայ ժողովրդին օգնեց այդ վիճակից դուրս գալու համար: Կարիք չկա հիշեցնելու, որ այս բարեկամական կապրը շարունակվում են մինչ այժմ և 2019 թ.-ի  փետրվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ` Նիկոլ Փաշինյանի այցն Իրան նոր որակ հաղորդեց երկու բարեկամ երկրների հարաբերություններում:

Այդ այցից ընդամենը մեկ ամիս հետո Իրանում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով երկրի տարբեր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին բնական աղետի ավերիչ հետևանքների սարսափելի վիճակում:

Հատկանշական է, որ վերջին օրերին, աննախադեպ տեղումների հետևանքով, Իրանի մի շարք նահանգներում, այդ թվում՝ Գոլեսթան, Մազանդարան, Ֆարս, Լոռեստան նահանգներում առաջացած ջրհեղեղի հետևանքով, մինչ այժմ զոհվել է 26 մարդ, տասնյակ ուրիշներ վիրավորվել են:

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Նշվել է, որ Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով:

Դեպքից անմիջապես հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը  հայտարարեց, որ  Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին։

«Ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել», – ասել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարներ», – ասել է նախարարը։

Պատերազմը Հայաստանում և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները մի կողմից և բնական աղետների ժամանակ երկու հարևան երկրների միջև հումանիտար օգնությունների բեռնվածքի փոխանակումն ու փրկարարական խմբերի փոխաջակցությունն անկասկած վկայում է երկու երկրի միջև տրանսպորտային կապերի և ճանապարհների ստեղծման անհրաժեշտության մասին:

Մյուս կողմից, մարտի 27-ին, ՀՀ ազգային ժողովը ընդունեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

ԵԱՏՄ-ի և դրա անդամ երկրների` մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց ՀՀ ԱԺ-ի պատգամավորների մեծամասնությունը:

Համաձայնագրով մի շարք ապրանքատեսակների` Իրան արտահանման համար մաքսատուրքերը նվազեցվում են:

Սա առավել կարևորվում է Հայաստանի համար Մեղրի-Երևան ճանապարհի կառուցումը, որն ունենալով Իրանի հետ 50 կիլոմետրանոց կենսական նշանակություն ունեցող սահման, դեռ մինչ այժմ լուրջ քայլեր չի ձեռնարկել հայկական կողմում ճանապարհի բարելավման և միջազգային ստանդարտներին համապատասխան ճանապարհ կառուցելու գործին:

Իրանի  և Հայաստանի սահմանը տարանցիկ գոտի է համարվում Արաբական աշխարհից դեպի Եվրոպա մեկնող բեռնատարների համար։ Կարչևան ավտոճանապարհը սկսել է գործել 1990-ական թվականների սկզբից: Երկու երկրների միջև ակտիվ բանակցություններ են ընթանում երկաթգծի կառուցման վերաբերյալ:

2004 թվականի մայիսին երկու երկրների միջև կնքվել է Իրան-Հայաստան գազատարի հիմնական պայմանագիրը։ Գազատարի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 19-ին:

Այստեղ, քաղաքական և տնտեսական արգելքներից բացի նաև կարելի է ասել՝ բացակայում է իշխանությունների մոտ բարի կամքը, որի հետևանքով 27 տարի է, որ տուժում է Հայաստանի տնտեսությունը և անվերադարձ վնաս է պատճառում Իրան-Հայաստան տրանսպորտային և ապրանքափոխանակման հարաբերություններին: Այս իրավիճակի շարունակությունը անկասկած, ի վերջո կհանգի կողմերից մեկի կտրուկ հրաժարմանը  ճանապարհաշինության համատեղ նախագծերի իրականացման մտադրությունից և հավանաբար Իրանին կմղի մեր մրցակից երկրների հետ նման համատեղ պլաններ իրականացնելու ուղղությամբ:

Հետևաբար, ստեղծված ջերմ հարաբերությունների մթնոլորտում Հայաստանի իշխանությունները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն այս ձգձգվող պլանը կյանքի կոչելու անհրաժեշտությանը:

Ըմբռնելով Հայաստանն Իրանին կապող հին ճանապարհի վերակառուցման կամ նոր պլանի իրագործման տեխնիկական և տնտեսական ահռելի արգելքների առկայությունը, սակայն դա չպետք է թույլ տա մեզ մտածելու, որ հրաժարվելով այդ նախագծից պետք է ընտրել ամենահեշտ ճանապարհը և մեծ վնասների գնով բավարարվել ներկա պայմաններով և քայլեր չձեռնարկել մեծ գործեր իրականացնելու ուղղությամբ: Դա աններելի սխալ է մեր նման շինարար և հանճարեղ ժողովրդի համար:

Այդ կապակցությամբ, Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն սփյուռքահայության տեխնիկական և նյութական զգալի ռեսուրսներին, որոնք մեծ փորձառություն ունեն աշխարհի տարբեր երկրներում նման մեծ նախագծերի իրականացման գործում: Հենց առաջին հերթին նրանք պետք է դիմեն հարևան և բարեկամ երկիր Իրանի հայ համայնքի ինժեներներին և Իրանի հայկական ընկերություններին:

Պատմության խորքերից սկսած հայ շինարարները և ճարտարապետները բազմաթիվ շինություններ, վանքեր, բնակարաններ, պալատներ, պետական շենքեր, ջրամբարտակներ, կամուրջներ, ռազմական օբյեկտներ և ճանապարհներ են կառուցել Իրանում, որոնք հայտնի են ամբողջ երկրում հայ ճարտարապետների անուններով:

Սակայն, ներկա պայմաններում, երբ Իրանն հայտնվել է ԱՄՆ-ի և Արևմտյան որոշ երկրների շրջափակման ծուղակում և Իրանի իշխանությունները փորձում են հարևան երկրների օգնությամբ ճեղքել այդ պատժամիջոցների օղակը, ապա առանձնապես կարևորվում է Հայաստան-Իրան ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը:

Այժմ, երբ Իրանը փորձում է հարևան երկրների հետ ընդլայնել իր առևտրատնտեսական հարաբերությունները, Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն Իրանի հայկական խոշոր ինժեներական ընկերություններին և իրանական այլ ընկերություններին հրավիրել  Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհի նախագծին մասնակցելու մրցույթին:

Հատկանշական է, որ Իրանում կան մի քանի հայկական ինժեներական խոշոր ընկերություններ, որոնք բացի երկրի ներսում, մի քանի նախագծեր են իրականացրել Հայաստանում և Արցախում: Հետևաբար` հնարավոր է Հայաստանում աշխատող հայկական ճարտարապետական ընկերությունների հետ ստեղծել համագործակցային ավելի մեծ ընկերություն և իրանական ու միջազգային բանկերի ու համայնքի այլ հայկական ընկերությունների ներդրումով նախաձեռնել Հյուսիս-Հարավ ճանապարհի նախագծի՝ Մեղրի-Երևան հատվածի շինարարական աշխատանքը: Անկասկած, նախագծի վերաբերյալ լուրջ վերաբերմունք ցուցաբերելու և շինարարական աշխատանքների մեկնարկից հետո հնարավոր է դիմել Իրանի հայ համայնքի գործարարներին և ԱՄՆ-ում բնակվող իրանահայերին, որոնք կարող են նյութական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել նախագծի իրականացմանը:

Մյուս կողմից ներկայիս պայմաններում Իրանի կառավարությունը խիստ շահագրգռված է դեպի եվրոպական երկրների և Ռուսաստանի շուկաները  դուրս գալու նպատակով ստեղծել այլընտրանքային ճանապարհներ և այդ ուղղությամբ իրանական ընկերությունները փորձում են հարևան երկրներում, ինչպես Իրաքում և Սիրիայում ճանապարհաշինության նախագծեր իրականցել:

Հետևաբար այս ուղղությամբ պետք է լուրջ մտածել իրանական, հայկական և Իրանի հայկական ընկերությունների և ներդրողների համագործակցային միտումները զարգացնելու և ճանապարհաշինության  նախագծերն իրականացնելու համար մշակել ծրագիր և հեռակա ռազմավարություն:

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930