Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ մրցագորգում չկան հեղինակություններ

Ապրիլ 15,2019 22:55

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշների մասնակցությունը՝ նշեց.

«Իմ համոզմունքը հետեւյալն է. բոլոր ըմբիշները մրցագորգ մտնում են ցանկացած գոտեմարտում հաղթելու համար: Իսկ թե ակնկալիքները որքանով են արդարանում, երեւում են մրցումների ավարտից հետո՝ մեդալ ունենք կամ չունենք: Արսեն Հարությունյանը Բուխարեստում, իսկ Վազգեն Թեւանյանը դրանից առաջ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում, ցույց տվեցին ու ապացուցեցին, որ մրցագորգում գոյություն չունեն անուններ, հեղինակություններ:

Կան միայն ըմբիշներ, որոնք պատրաստ են պայքարել եւ հաղթել: Այստեղ Վազգենն առաջին գոտեմարտում հաղթեց բացարձակ առավելությամբ, երկրորդում, երբ գոտեմարտում էր աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկի հետ եւ որն ավարտվեց 1:0, երիտասարդ Վազգենը մրցակցին տեխնիկական ոչ մի հնարք թույլ չտվեց, միայն ոտնաթաթը մի փոքր դուրս դրեց գորգի սահմաններից: Ասեմ, որ մրցավարական այսօրվա կանոններով գոտեմարտը 1:0 ավարտվելու իրավունք չունի: Չեմ ասում, թե Վազգենը միավոր է արել՝ չեն տվել:

Պարզապես, ուզում եմ տեղյակ լինեք, որ Ալիեւը մյուսներին հաղթում էր մեծ առավելությամբ, իսկ Վազգենը նրա համար ամենադժվար մրցակիցն էր: Ունեցանք մարզիկներ, որոնք իրենց հնարավորությունից ցածր, թերություններով հանդես եկան: Մենք դա ինքներս տեսնում ենք ու չենք խուսափում դիտողություններից»:

Հավաքականի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը նույնպես նշեց, որ բոլոր տղաներն էլ աշխատեցին ողջ կարողություններով: «Մենք Վազգեն Թեւանյանից էլ էինք մեդալ սպասում, սակայն ձեռքի վնասվածք ստացավ եւ դրա պատճառով չկարողացավ մասնակցել սփոփիչ գոտեմարտերին», – ասաց նա:

Հաբեթնակ Կուրղինյանը ասաց նաեւ, որ Հայաստանը Եվրոպական խաղերի մասնակցելու չորս ուղեգիր ունի՝ 57, 65, 97, 125 կգ քաշային կարգերում, իսկ թե ովքեր կմեկնեն, դեռ ժամանակ կա եւ իրենք պետք է կողմնորոշվեն: «Կարեւոր է, որպեսզի ըմբիշների միջեւ մրցակցություն լինի: Դա դժվարացնում է ընտրության ժամանակ մարզիչներիս գործը: Բայց համաձայն ենք, որ այդպես լինի», – ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930