Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայսին շփոթեցին Մելքումյանի հետ, Մհեր Սեդրակյանին՝ Վարդան Այվազյանի հետ. Փորձության ենթարկվեցին լրագրող-պատգամավորները

Ապրիլ 15,2019 22:40

Ասում են՝ նախկին լրագրող չի լինում: Aravot.am-ը «Փորձություն» շարքի շրջանակներում փորձության ենթարկեց լրագրող-պատգամավորների՝ Գայանե Աբրահամյանին, Հայկ Գեւորգյանին, Վահագն Հովակիմյանին: Այս անգամ մենք փորձեցինք պարզել, թե որքանո՞վ են նրանք հետեւել լրագրողների հետ կապված միջադեպերին, հիշո՞ւմ են, թե որ պատգամավորը որ լրագրողին էր վիրավորել, ապտակել, հայհոյել, ով եւ ում էր ծեծել քարոզարշավի ժամանակ եւ թավշյա հեղափոխության օրերին քանի՞ լրագրող է տուժել:

  1. Տարիներ առաջ մի խումբ լրագրողներ ընդդեմ պատգամավորի դիմում էին ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Այդ պատգամավորը վիրավորել էր լրագրողներին խորհրդարանում հայ-ռուսական գազային համաձայնագրերի սկանդալային քննարկման եւ քվեարկության ժամանակ, երբ վերջիններս դահլիճում բողոքի ակցիա էին իրականացնում: Նա ասել էր՝ «հանեք ս…արեք էդ կապիկներին ստեղից»: Ո՞վ էր այդ պատգամավորը:

Գայանե Աբրահամյան- Ես ակցիան շատ լավ հիշում եմ եւ ողջունում էի այդ ակցիան, բայց պատգամավորին չեմ հիշում: Այսինքն, հիշում եմ ակցիան այդ օրինագծի դեմ, անգամ հիշում եմ ովքեր են դա իրականացրել, պաստառները, բայց պատգամավորին չեմ հիշում: Ենթադրում եմ, որ Միքայել Մելքումյանն էր, բայց վստահ չեմ: Եթե չեմ սխալվում… Վարդան Այվազյա՞նը…Չեմ հիշում: Լրագրողներին շատ լավ հիշում եմ, Հակոբն այնտեղ կար…

Հայկ Գեւորգյան- Ես չեմ հպարտանում իմ հիշողությամբ: Դեպքը հիշում եմ ընդհանուր առմամբ, բայց նույնիսկ ինձ հետ կապված միջադեպերը դետալացված չեմ հիշում: Հիշում եմ, իհարկե, այդ միջադեպը, իհարկե, բոլոր միջադեպերն էլ հիշում եմ, բայց դետալացված չէ: Եթե մի քիչ ժամանակ տաք, գուցե փորձեմ հիշել: Ենթադրում եմ, որ կարկառուն դեմքերից էր իշխանության, չէ՞…Բայց չէ, կոնկրետ չեմ հիշում:

Վահագն Հովակիմյան– Շմա՞յսն էր:

Այո: Խոսքը Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մասին է: Նույնիսկ դեպքից հետո նա հայտարարեց, թե իր արածից «փոշմանելու չունի, թող լրագրողներն իրենց ճիշտ պահեին` չստանային»:

 

  1. Ո՞ր պատգամավորն էր հայհոյել ու հարվածել լրագրողի դեմքին հենց Ազգային ժողովի շենքում:

Գայանե Աբրահամյան– Այո, հիշում եմ, Ռուբիկ Հակոբյանն էր: Լրագրողը կարծեմ Նարե՞կն էր, կամ Վահեն էր Մակարյան, այո՛, Վահեն էր:

Հայկ Գեւորգյան- Կարծեմ դա մի անգամ չի եղել: Գուցե հրապարակային չի եղել, չեմ հիշում…Հաաա, այ որ ասում եք, հիշում եմ: Դեպքերը չեմ մոռանալու: Իմ գործունեությամբ պիտի փորձեմ այնպես անել, որ դա մնա «երջանիկ» հիշողություն: Երբեք նման բաներ Հայաստանում այլեւս չկրկնվեն…Նույնիսկ իմ հետ կապված դեպքերը այսօր պիտի լարեմ, որ հիշեմ: Այն ժամանակ ես կարծում էի՝ նորմալ է, այդպես պիտի լինի, եթե բռնատիրական երկիր է, պիտի լրագրողը համարձակ լինի ու կարող է նաեւ բռնության ենթարկվել:

Վահագն Հովակիմյան– Ռուբեն Հակոբյանը չէ՞ր: Կա՛մ Մակարյան Վահեին էր հարվածել, կամ…

Խոսքը իսկապես Ռուբիկ Հակոբյանի ու «Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանի մասին է: Պատգամավորը, 2016-ի դեկտեմբերին, լրագրողի պատմելով, բորբոքվելով ՀՅԴ-ին վերաբերող իր հարցերից, հարվածել է: Իսկ Ռուբիկ Հակոբյանն էլ իր հերթին հայտարարեց, որ լրագրողն իրեն պահել է ամենավերջին խուլիգանի նման. «Ես հասկացա, որ լրագրողի հետ չեմ խոսում, այլ՝ խուլիգանի, հրավիրեցի, ասեցի՝ գուցե իսկապես դաստիարակելու բան կա՝ դաստիարակեմ»:

  1. Կարո՞ղ եք ասել՝ Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ ո՞ր լրագրողի նկատմամբ էր բռնություն կիրառվել Նոր Նորք համայնքում: Խոչընդոտել էին նրա աշխատանքը, չէին թողել նկարել հանդիպումը, մասնավորապես՝ փուչիկներով տեսարանը երեխաներին հետ, նախ պահանջել էին հեռանալ դեպքի վայրից, իսկ երբ լրագրողը չէր հեռացել եւ շարունակել էր նկարահանել, նրան քաշքշել էին, պատռել հագուստը եւ հարվածել, քաշքշել, տեսախցիկն էին խլել, իսկ ոստիկանները չեն միջամտել: Հետո տեսագրությունը ջնջած վերադարձրել էին տեսախցիկը:

Գայանե Աբրահամյան– Ճիշտն ասած, չեմ հիշում: Երեւի գիտեք, նախընտրական եւ հենց ընտրական շրջանում այնքան շատ են եղել դեպքերը, որ հիմա կսխալվեմ որեւէ մեկին ասել: Հիշում եմ, որ վերջին 2-3՝ ե՛ւ տեղական ինքնակառավարման, ե՛ւ համապետական ընտրություններին պարբերաբար «Ազատության լրագրողներն էին բռնության ենթարկվել, բայց հատկապես այս դեպքը չեմ ֆիքսել:

Վահագն Հովակիմյան- Էդ ժամանակ կիզակետերում ուզում եմ հիշել որ լրագրողն էր: Տիրայրն էր անընդհատ պատմությունների մեջ ընկնում…Մկոն…Մկոն չէր, այդ ժամանակ նոր էր սկսում, Մկրտիչը չէր…Եթե «Ազատությունից» չի…լավ, ասեք:

Խոսքը 2013-ի ընտրությունների քարոզարշավի մասին է: Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ էր կիրառվել բռնությունը: Իսկ հարվածողը եղել է Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերը՝ Երեւանի ավագանու անդամ եւ ավագանու անդամի հանրապետականի թեկնածու Աշոտ Պապայանը՝ Տուրբո մականունով:

  1. Ո՞ր լրագրողի նկատմամբ էր բռնություն կիրառել ոստիկանությունը Մաշտոցի պողոտայում: Դրա տեսագրություն էլ հրապարակվել էր, թե ինչպես է ոստիկանը ապտակում լրագրողի, ձեռքից խլում տեսախցիկը:

Գայանե Աբրահամյան– Անին էր, դա շատ լավ եմ հիշում եւ տեսանյութն եմ շատ լավ հիշում: Մինչ ոստիկանության բաժանմունք տանելը արդեն իսկ քաշքշուկ եղավ Մաշտոցի պողոտայում: Անին էր Գեւորգյան, շատ լավ եմ հիշում:

Վահագն Հովակիմյան– Մի րոպե, Անի՞ն չէր Գեւորգյան:

Այո, խոսքը «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի մասին է, այդ օրը Մաշտոցի պողոտայից ՀԱԿ ակտիվիստները բերման են ենթարկվել այն ժամանակ, երբ նրանք Մարտի մեկի ցույցի իրազեկման թռուցիկներ էին բաժանում: Դեպքը եղել է 2014-ի փետրվարին:

  1. «Էս ի՞նչ նախիր ա». Ո՞ր պատգամավորն էր նման բան ասել լրագրողներին, երբ տեսել էր, որ լրագրողները շտապում են հարցազրույցի:

Գայանե Աբրահամյան- Հիշում եմ այդ ասածը, բայց չեմ հիշում ով էր: Երեւի Մհեր Սեդրակյանն էր, որին հաջորդեց Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպը:

Վահագն Հովակիմյան-Այվազյան Վարդա՞նն էր: Ցինիզմն եմ ես հիշում, ցինիկ էր լրագրողների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը

Խոսքը Մհեր Սեդրակյանի մասին է, նա ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ տեսնելով լրագրողների խմբին՝ նման բան էր ասել: Հետո, երբ լրագրողները, մասնավորապես Փայլակ Ֆահրադյանն ասել էր՝ պետք չէ վիրավորական արտահայտություն անել՝ Սեդրակյանը պատասխանել էր ««Տղա ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես, արի գնանք իմ սենյակ խոսանք … ականջներդ լվա »: Հետո հավելել՝ «Նորմալ լրագրողների հետ խոսում եմ, աննորմալների հետ` չէ»: Դեպքը եղել է 2016ի փետրվարին:

  1. «Դավայ, կտամ ծնոտդ կպոկեմ, դավայ, թռի հլը…Կապներդ կտրվել ա, սանձներդ թողեցիք, ընգաք»: Ո՞վ էր լրագրողի նման կերպ սպառնացել:

Հայկ Գեւորգյան- Այ դա որ ասեցիք, հիշեցի Մհերին Արշակյան: Ասել էր…ախր էդ ասողները խումբ են, հավաքական կերպար է, էլի: Կարծեմ էլի Առաքել Մովսիսյա՞ն…Չէ, չէ, չէ՛, մի րոպե…Մհեր Սեդրակյան:

Վահագն Հովակիմյան- Դե չէ, էդ հաստատ Մհեր Սեդրակյանն է: Էդ հայտնի միջադեպ էր:

Խոսքը իսկապես դարձյալ Մհեր Սեդրակյանի մասին է: Դեպքը եղել էր այն ժամանակ, երբ Ա1 պլյուսի լրագրող Մհեր Արշակյանը, երբ ԱԺ նիստում քննարկվում էր էթիկայի հանձնաժողովի հարցը, փորձեց էթիկայի հետ կապված մի քանի հարց ուղղել պատգամավորի, արդյունքում նման արձագանք ստացավ: Դրանից հետո Սեդրակյանն ասել էր, որ եթե լրագրող չլիներ, անծանոթ լիներ դիմացինը՝ գլուխն էր ջարդելու: Այնպես որ, կարելի է ասել, Մհեր Արշակյանը էժան է պրծել:

  1. «Մի՛ վնգստա… Վնգստացողն էլ դուք եք, վնգստում ես դու գերդաստանիդ հետ միասին, բոմժ, հերիք ա հաչաս… Լսի, հողեմ գլուխդ, բերանս ա բացել տալի… Փոշտի թանաքաման». Ո՞ր լրագրողի եւ պատգամավորի միջեւ տեղի ունեցած լեզվակռիվը ես հիմա նկարագրեցի:

Հայկ Գեւորգյան- Էլի հավաքական կերպար է եղել Ազգային ժողովի: Չեմ հիշում, հա, հանձնվում եմ: Ասում եմ՝ հիշողությամբս երբեք չեմ հպարտացել: Մեր պատմության մի ամբողջ ժամանակաշրջան եմ հիշում… ԱԺ-ում նստած էին այդպիսի կերպարներ, որոնք սահմանափակում չունեին բերանները բացելու, թե նրանցից որ մեկն է ասել, ոնց է ասել, ինչ պայմաններում, այլեւս մի տեսակ էական չի: Կար այդպիսի միջավայր:

Վահագն Հովակիմյան- Եթե չեմ սխալվում, Գոհար Վեզիրյանի եւ Այվազյան Վարդանի հայտնի մենամարտն էր:

Խոսքը 2013-ի հունիսի մասին է՝ Ազգային ժողովի միջանցքում վիճաբանել են ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը եւ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, որից հետո նրանց զրույցին միջամտել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Վիճաբանությունն ավարտվել է Այվազյանի և Վեզիրյանի փոխադարձ վիրավորանքներով՝ վերը նշված բառապաշարով:

  1. Ես քո մեջ կին չեմ տեսնում: Բարեփոխվե՛ք, սիրելինե՛րս, դուք շատ հին եք մնացել, դուք դեղնում եք, գունաթափվում եք: Ո՞վ էր նման կերպ վիրավորել լրագրողի, որի հետ կապված գործը վարույթ ընդունվեց, այժմ ՄԻԵԴ-ում է, նա դեռ չի պատժվել:

Վահագն Հովակիմյան- Եթե չեմ սխալվում, էլի Այվազյան Վարդանն էր, չէ՞, որ ասել էր՝ կին չեմ տեսնում: Հլը մի րոպե Ռուզանի՞ն էին ոնց որ թե «Ազատության» ասել, ոնց որ իրենց երեխեքից էր…Չեմ հիշում, ասեք: Հաաաա՜, ճիշտ ա, արա:

Գայանե Աբրահամյան- Հա, դե Վովան էր Գասպարյան, որքան հիշում եմ, Սիրանույշ Պապյանին էին ուղղված այդ վիրավորանքները:

Խոսքը 2016-ի ապրիլի 24-ի մասին է: Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ու հատկապես 1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանին ասել էր այն ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այդ գործը հիմա ՄԻԵԴ-ում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Փորձության ենթարկեց՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930