Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «ԵԿՄ-ն սկսել է խնդիր ունենալ, երբ իշխանությունը փորձել է այն օգտագործել՝ իշխանություն պահելու համար»

Ապրիլ 15,2019 19:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ իր կուսակից Սասուն Միքայելյանի՝ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ ընտրվելու փաստը կկուսակցականացնի կառույցը: «Առաջին խնդիրը, որ առաջ եմ քաշել իմ աշխատանքային հանդիպումներում, այն է եղել, որ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ առհասարակ պետք է չներքաշվի: ԵԿՄ-ն սկսել է խնդիր ունենալ այն պահից, երբ իշխանությունը լեգիտիմության պակասի բերումով փորձել է այդ կառույցն օգտագործել՝ իր իշխանությունը պահելու եւ երկարաձգելու համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց. «Թող ասածս սխալ չմեկնաբանվի եւ չանձնավորվի, բայց ես որեւէ մեկի զարտուղի աջակցության կարիքը չունեմ: Մենք ասել ենք, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է: Մենք կռիվ չենք տալու՝ իշխանություն պահելու համար: Նման մեխանիզմների մասին եկեք մոռանանք: Նրանք են որոշել, թե ով լինի իրենց նախագահը»: Վարչապետը նաեւ տեղեկացրեց՝ Սասուն Միքայելյանն ասել է, որ թողնելու է «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահի պաշտոնը:

Իսկ տեսնո՞ւմ է վարչապետն իրեն այդ պաշտոնում, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ասում են՝ երբեք մի ասա երբեք, բայց եթե նկատել եք՝ ՔՊ-ի ստեղծման օրից ես որեւէ անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել եւ հույս ունեմ, որ չեմ լինի: Դա է ճիշտ մեխանիզմը: Մեր կուսակցությունում կան տասնյակ մարդիկ, որոնք կարող են այդ կարգավիճակն ունենալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930