Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ. «Այսուհետ ևս աշխատելու ենք հրապարակային և թափանցիկ»

Ապրիլ 15,2019 20:03

Վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվող Լոռու մարզպետարանի պարգևատրումների վերաբերյալ հրապարակումներին ի պատասխան մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարզաբանումներ ներկայացրեց չհիմնավորված մեկնաբանությունները կանխելու նպատակով.

-Պարգևատրումների թեման որոշ քաղաքական ուժեր և լրատվամիջոցներ շահարկում ու աղավաղում են՝ տարածելով ապատեղեկատվություն, ինչը շփոթություն է առաջացնում հանրության շրջանում: Դրանք կանխելու նպատակով հարկ եմ համարում պարզաբանումներ ներկայացնել թե՛ նախորդ տարեվերջի ու թե՛ այս տարվա պարգևավճարների վերաբերյալ: Մարզպետարանի աշխատակիցների համար պարգևավճարներ նախատեսված է բյուջետային երեք տողերի միջոցով:

Նախորդ տարեվերջին կատարված պարգևատրումները մարզպետարանում տնտեսված միջոցներից էին, որը գոյանում է թափուր աշխատեղերի հաշվին:

2019թ. համար «Պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված գումարը 93 մլն 195.5 հազար դրամ է:

Նշված հոդվածով մարզպետարանի աշխատակիցների համար առաջին երեք ամիսների կտրվածքով՝ որպես պարգևատրում, նախատեսված գումարը կազմել է 23 մլն 297.6 հազար դրամ, դրանից վճարվել է ընդամենը 18 մլն 930.8 հազար դրամը, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա համար միջին հաշվով պարգևատրումը կազմել է աշխատավարձերի 0,25 տոկոսը: Ընդ որում, մարզպետի պարգևատրումն իրականացվում է ՀՀ վարչապետի համաձայնությամբ:

Պարգևատրման գումարները հատկացվել են Լոռու մարզպետի համապատասխան կարգադրությամբ և մարզպետարանի գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով, որոնք հրապարակված են մարզպետարանի պաշտոնական կայքէջում: Սա շարունակական գործընթաց է և նախատեսված է տարվա ընթացքում մի քանի անգամ:

Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել՝ պարգևավճարների համար նախատեսված միջոցները հնարավոր չէ այլ նպատակներով օգտագործել: Բացի այդ, գտնում եմ, որ մարզպետարանի աշխատակիցներն արժանի են եղել պարգևատրումների. հիշեցնեմ միայն անցած ամիս կազմակերպված մեծամասշտաբ բիզնես-ֆորումը, որոշ աշխատակիցներ օրուգիշեր ներգրավված են եղել նաև մարզի տնակների հաշվառման գործառույթներում, շատերը՝ քաղաքացիների խնդիրների լուծման և այլ հարցերում։

Կա նաև քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդ, որը այս տարվա համար կազմում է 36 մլն 890.7 հազար դրամ: Այդ ֆոնդից պարգևավճարներ են տրամադրվում կիսամյակային կատարողականների հիման վրա: Առաջին եռամսյակում արդեն իսկ տրամադրվել է շուրջ 18 մլն դրամ: Մնացածը կտրամադրվի երրորդ եռամսյակում: Ես մեկ անգամ շեշտեմ, որ այս պարգևավճարը տրամադրվում է բացառապես քաղաքացիական ծառայողներին: Սա չի վերաբերում մարզպետին, փոխմարզպետներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց:

Ի դեպ, այս տարի նախատեսում ենք տնտեսել շուրջ 20 մլն դրամ, որը կվերադարձվի ՀՀ պետական բյուջե: Նախորդ տարեվերջին պետբյուջե ենք վերադարձրել շուրջ 12 մլն դրամ:

Լրատվամիջոցներով շրջանառվող այն դիտարկմանը, թե չեն բարձրացել ուսուցիչների, բուժաշխատողների աշխատավարձերը, նշեմ, որ իմ աշխատանքի շնորհիվ, շատ դպրոցներում ավելորդ ծախսերի և հաստիքների կրճատման արդյունքում աշխատավարձերի 5-10 տոկոս բարձրացում է եղել: Բացի այդ ՀՀ ԿԳ նախարարը նաև հայտարարել է, որ այս տարի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում է նախատեսված:

Բուժհաստատությունների մասով՝ առաջանային օղակում ևս 20-25 տոկոսով բարձրացել են աշխատավարձերը: Մնացած բուժհաստատություններում ստվերային դրամաշրջանառությունը կրճատելով, հնարավոր է եղել բարձրացնել աշխատավարձերը՝ հավելավճարների, բոնուսների տեսքով: Սա շարունակական գործընթաց է:

Մարզպետարանը կառավարության որդեգրած քաղաքականությունն է իրականացնում մարզերում, և կառավարության մոտեցումն այն է, որ պետական ապարատում պետք է աշխատեն արհեստավարժ և մոտիվացված մարդիկ: Տրամաբանությունն այն է, որ արհեստավարժ մասնագետները օրինակ 120 հազար դրամ աշխատավարձով ցանկություն չեն ունենա աշխատելու մարզպետարանում, հետևաբար այս տարի առաջին անգամ կիրառվել է պարգևատրման այս մեխանիզմը՝ աշխատակիցներին միջինում յուրաքանչյուր ամսվա համար պարգևատրել աշխատավարձերի 0.25 տոկոսի չափով:

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել. պարգևավճարներ նախատեսված են բոլոր մարզպետարաններում: Լոռու մարզպետարանի շուրջ առաջացած աղմուկը պայմանավորված է բացառապես նրանով, որ մենք առաջինն ենք հրապարակել իրավական ակտերը: Ի դեպ, պարգևավճարները դեռևս չենք բաշխել:

Այսուհետ ևս աշխատելու ենք հրապարակային և թափանցիկ:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930