«Որքան հասկացա՝ այդ ցույցը կազմակերպողները Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա որոշները մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, որ այս կամ այն չենք արել: Խորհուրդ եմ տալիս, որ որեւէ մեկը չնյարդայնանա: Բոլորի պատասխանատվության պահը գալու է: Խոսքը նրանց մասին է, որոնք պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել: Փողոցում ցանցով մարդ բռնելու նպատակ չունենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով նկատառմանը, որ վարչապետի դեմ այսօր բողոքի ցույց իրականացնողներն այդ թվում մատնանշել են, որ քրեական հետապնդման ենթարկվող Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում հանգստանում է, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա Սարգսյանի՝ ՀՀ-ում չգտնվելու փաստն այսպես մեկնաբանեց. «Քննիչը հնարավորություն է տվել, որպեսզի մեղադրյալը ՀՀ-ից դուրս գա ինչ-ինչ նպատակներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել: Եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ էր դատավարական առումով, եւ որեւէ մեկին կարող է հնարավորություն տալ պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձինք խստագույն պատժի կենթարկվեն»:
Փաշինյանը վստահեցրեց. «Մեր խնդիրը մարդկանց քառատելը չէ: Մեր քննչական մարմիններն այսօր աշխատում են շատ ծանրաբեռնված: Ինքս որոշակի վերապահումներ ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահների արդյունավետության վերաբերյալ»: Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ