Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզում ավելացել է բնակարանային գողությունների թիվը․ պատկերն այնքան մտահոգիչ է, որ նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր տեղի ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ ու քննարկվել էր բազմաբնակարանային շենքերի մուտքերում տեսախցիկներ տեղադրելու հարցը։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էր տարեսկզբյան իր ասուլիսում հայտնել էր, որ բացահայտման ցուցանիշը ցածր է․ կազմում է 22 տոկոս։
Այսօր ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Շիրակի մարզում բնակարանային գողությունների մի քանի բացահայտումներ են տեղի ունեցել․ օրինակ՝ բացահայտվել է Արևիկ գյուղում տարբեր բնակարաններից հեռուստացույց գողանալու հակում ունեցողների ինքնությունը․ նրանք երկու երիտասարդներ են՝ 24-ամյա Հակոբ Զ.-ն և 22-ամյա Սեյրան Կ.-ն են, որոնք և տվել են խոստովանական ցուցմունքներ։
Ոստիկանության տեղադրած մեկ այլ լուրից էլ տեղեկանում ենք, որ Գյումրիում և Շիրակի մարզի մի քանի գյուղերում՝ Հացիկում, Առափիում բնակարանային գողությունների մեջ կասկածվողը 32-ամյա Գոհար Վ․ն է, որը, ըստ ոստիկանության հաղորդագրության, գործի է անցել հարմարեցված բանալիով։
Կարդացեք նաև
«Ապրիլի 11-ին ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ մարտի 15-ին 32-ամյա Գոհար Վ.-ն հարմարեցված բանալիով փորձել է բացել մի բնակարանի մուտքի դուռը և այնտեղից կատարել գողություն:
Բաժին բերման ենթարկված Գոհարը խոստովանել է, որ նշված գողության փորձը կատարել է ինքը:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 13-ին, Կումայրիի և Ախուրյանի քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ապրիլի 6-ին Հացիկ գյուղի մի տնից գողությունը նույնպես կատարել է Գոհարը: Նա է կատարել նաև մարտի 16-ին Առափի գյուղի մի տան ննջասենյակի պահարանից 170 հազար դրամի, 25 հազար ռուբլու և ավելի քան մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդերի գողությունը:
Կատարվում է քննություն»,-գրված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ