Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ:
Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը` ԻԿՐԱՆԵՏ-ը, միջազգային կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացում ռելատիվիստական աստղաֆիզիկայի, կոսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում: Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Արիզոնայի և Ստենֆորդի համալսարաններն ու Իտալիայի Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը:
Կարևորելով Հայաստանում ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի գործունեությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում մեծ նշանակություն է տրվում կրթության ու գիտության զարգացմանը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է համագործակցություն հաստատի աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոնների, կազմակերպությունների ու համալսարանների հետ:
Հանրապետության նախագահի խոսքով՝ պատահական չէ, որ իր օտարերկրյա այցերի շրջանակում մշտապես հանդիպումներ են տեղի ունենում առաջատար բուհերի, վերլուծական ու գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների հետ, ինչի արդյունքում հիմք է դրվում աշխարհի առաջատար կենտրոնների ու Հայաստանի միջև նոր համագործակցության:
Կարդացեք նաև
Ռեմո Ռուֆֆինին բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Նա նշել է, որ ցանկություն ունեն Հայաստանի միջոցով համագործակցության նոր ծրագրեր իրականացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ:
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցությունն ապագայում խորացնելու հնարավորությունները:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ