Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ էության, մենք փռել ենք ասֆալտին. այսինքն՝ բուն ասֆալտն իր նպատակին ծառայել է». Արթուր Դանիելյան

Ապրիլ 15,2019 17:30

«Մենք ընկերներով ոմանց ուզում էինք ցույց տալ, որ ՀՀ-ի պետականության դիմադրությունը դեռ տապալված չէ»,- «Sut Nikol» նախաձեռնության անդամների ասուլիսին հայտարարեց նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվեցին #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը: Նրանք Երևանի փողոցները պատում էին #sutNikol գրաֆիտիներով:

Նախաձեռնության անդամները հայտարարեցին՝ ՀՀ յոթ քաղաքներում բազում քաղաքացիներ, համախոհներ միացել են ակցիային և ցույց են տվել, որ ստի և կեղծիքի ալիքը դեռ ամբողջովին չի հաղթել ՀՀ-ում:

Նախաձեռնության անդամ Նարեկ Սամսոնյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով ու կեղծիքով: Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ստի ու կեղծիքի մթնոլորտի ստեղծմամբ իշխանություն պահելու մեջ, բայց այսօր իր իշխանությունը հիմնված է ստի ու կեղծիքի, գրպանային ընդդիմություն և քաղհասարակություն ունենալու միջոցով»:

Ակցիայի մասնակիցները վստահեցրին՝ իրենց ակցիան որևէ քրեական կամ վարչական իրավախախտման տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր -Նակալյանը նշեց. «Մեր խնդիրն է վերհանել մեծ ստերը, որի վրա կառուցվեց հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյանն ինքը հերթով սկսել է հերքել, մերժել, անել հակառակը իր իշխանության առաջին ամիսներին: Լայն հանրության համար արդեն տեսանելի են այն ստերը, որոնք արվել են գործող իշխանության կողմից»:

Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի՝ վերջապես պետք է սկսել խոսել ճիշտը, ոչ թե ցանկությունների, այլ միֆերի մասին. «Կլինի Սաշիկի չարագործությունների մասին, թե Նիկոլի անքննելի սրբության մասին միֆը»:

Նախաձեռնության անդամները հայտարարեցին դրամահավաքի և մրցույթի մասին: Քաղաքացիները կարող են արվեստի միջոցով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հայտնի ամենասուտ նախադասությունը: Հաղթողները կստանան 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ասուլիսի մասնակիցները թվարկեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարած մի շարք, իրենց կարծիքով, սուտ խոստումներ: Օրինակ՝ Սաշիկ Սարգսյանը սաղ բիզնեսներում 50 տոկոս փայ ունի, ՀՀ-ում դատարանները որևէ մեկի կողմից զանգերի չեն ենթարկվում, ապրիլյան քառօրյան կազմակերպվել է ՀՀԿ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ, 50.000 աշխատատեղեր են բացվել:

Հարցին՝ ինչո՞ւմ են իրենց մեղադրում, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց. «Մեզ մեղադրում են հանրային սեփականության ոչ նպատակային օգտագործման մեջ: Բայց դա իրավաչափ չէ»:

Արթուր Դանիելյանը հավելեց. «Մենք գիտենք, որ ասֆալտը երկու բանի համար է՝ երթևեկելու ու փռելու: Իրավապահները պետք է ապացուցեն, որ մենք այդ երեք գործառույթներից դուրս բան ենք արել: Ըստ էության մենք փռել ենք ասֆալտին, ուրիշ հարց, որ փոխաբերական իմաստով: Այսինքն՝ բուն ասֆալտն իր նպատակին ծառայել է»:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ գրաֆիտիներն արել են ասֆալտին, որ քաղաքին վնաս չպատճառեն և արել են առավոտյան շուտ, որ չխանգարեն երթևեկությանը:

Այնուհետև հարց բարձրացրին՝ ինչո՞ւ անդրավարտիքով արագաչափ փակողին չէին պատժում, մերժիր Սերժին, երբ գրում էին շենքերի վրա, անգամ նրանց չէին պատժում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930