Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանը վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. ՀՔԾ

Ապրիլ 15,2019 17:23

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930