Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ՝ 8 կողմ, 4 դեմ ձայներով:
Մինչ այդ քննարկվեցին եւ քվեարկության դրվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած առաջարկները: ԲՀԿ-ն քվեարկեց ձեռնպահ, «Իմ քայլը»՝ դեմ, առաջարկները չընդունվեցին:
Մարուքյանն առաջարկում էր, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը նախարարություն դառնան, նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն է այն առանձնացրել, իսկ Փաշինյանը խոստացել էր նորից կառավարության կառուցվածք մտցնել ու չի անում: Բացի այդ, ըստ ԼՀԿ-ի, նախարարությունների թիվը պետք է կրճատվի, բայց դառնա ոչ թե 12, այլ՝ 14, պետք է պահպանել գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները, արդարադատության նախարարությունը վերանվանել իրավական հարցերի նախարարություն, ՊԵԿ-ը պետք է միանա ֆիննախին եւ այլն:
Կարդացեք նաև
«Իմ քայլից» Արտակ Մանուկյանը դժգոհեց, որ բովանդակային քննարկում չեն ծավալում, օրինակ, նա ասաց, որ կարելի է քննարկել այն հարցը՝ սպորտի նախարարությունը միացնել առողջապահությա՞նը, թե՞ ԿԳՆ-ին:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ շատ էլ բովանդակային քննարկում է՝ «Կոնկրետ ասում ենք՝ սուպերվարչապետությունը պիտի դնեք մի կողմ, գյուղատնտեսությունը գերակա ճյուղ է, բայց ոլորտը ղեկավարող մարմինը լուծարում եք, ի՞նչը բովանդակային չի»:
Քվեարկությունը եւ մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ