Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը ուղեւորափոխադրողները գործադուլ են անելու

Ապրիլ 15,2019 16:51

Վաղը ուղեւորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

«Երեւանի ներքաղաքային փոխադրում իրականացնող ընկերությունները ինձ երաշխավորել են անել հայտարարություն: Ասեմ՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվել ու չենք զբաղվում, մեր քայլերը որեւէ մեկի դեմ չեն, մենք մեր շահերից ենք խոսում: Ընկերությունները նախազգուշական գործադուլ են անելու, որպեսզի ուշադրություն գրավեն 11 տարի չլուծվող իրենց խնդիրների վրա»,-ասաց Եղիազարյանը:

Թե որ երթուղիները վաղը չեն աշխատի, միության նախագահը հրաժարվեց ասել, բայց նշեց՝ ե՛ւ ավտոբուսներ, ե՛ւ միկրոավտոբուսներ չեն աշխատի:

Հրանտ Եղիազարյան

Եղիազարյանի խոսքով՝ ամեն ինչ թանկացել է, ուղեվարձը մնացել է նույն 100 դրամը. «Որն այսօր «կատաստրոֆա» է առաջացնում»:

Միության նախագահն ասաց, որ նախորդ տարի դիմել են վարչապետին. «Բայց մեր նամակներն ուղարկել են տրանսպորտի նախարարություն եւ քաղաքապետարան, էլի ենք դիմել, բայց խնդիրները չեն լուծվում: 100 միկրոավտոբուս չի աշխատում, շարքից դուրս են եկել, 400-ն էլ վատ վիճակում են, շուտով չեն աշխատի: Մենք չենք կարողանում քաղաքապետին կամ տեղակալին հանդիպել, մեզ ականջալուր չեն լինում»:

Եղիազարյանի ներկայացմամբ՝ կողմ չեն գների բարձրացմանը, կառավարությունը եթե դոտացիա տան, կշարունակեն աշխատել: Իսկ եթե ուղեվարձը բարձրանա, ըստ Եղիազարյանի, այն 150 կամ 200 դրամ պետք է լինի:

«Բազմաթիվ հարցեր կան ու փոխադրողներին դրել են մի իրավիճակի մեջ, որ կամ կամաց-կամաց ոչնչանան, կամ չգիտեմ՝ ինչ կլինի: Լուծում չկա, որովհետեւ մեր լեգիտիմ ընտրված ընկերները կոմպետենտ չեն»,-ասաց Եղիազարյանը: Նրա ներկայացմամբ՝ ընկերությունները շարժակազմ են ձեռք բերել, հուսով, որ ուղեվարձը կթանկանա:

Միության նախագահի խոսքերով՝ «Մենք չենք ասում ուղեւորը վճարի, թող պետությունը փոխհատուցում տա կամ վարած կիլոմետրի դիմաց կամ աշխատած ժամերի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930