Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործարանի աշխատակիցները բողոքի ցույց են անում կրճատումների դեմ եւ ղեկավարության հայտարարություններին չեն հավատում

Ապրիլ 15,2019 16:42

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ցույց են անում Արարատի մարզում՝ հենց գործարան տանող ճանապարհին։

Գործարանի աշխատակիցները մտահոգված են գործարանի հնարավոր փակման համար. ցույցի ժամանակ նրանք վստահեցրին՝ իրենց տեղեկացրել են, գործարանը փակվելու է, ինչի հետեւանքով 1200 աշխատակից գործազուրկ կդառնա ։

Վաղ առավոտից բողոքի ցույց անողները պահանջում են հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։

Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը հանդիպեց աշխատակիցների հետ, եւ ասաց, որ խոսել է Ծառուկյանի հետ: Վերջինս փոխանցել է, որ մոտ օրերս կգա հանդիպման գործարանի աշխատակիցների հետ. «Այսօր քաղաքում չի, հանդիպումների է, երեկոյան կիմանամ, կասեմ՝ կոնկրետ որ օրը կգա : Բոլորդ գիտեք, որ 2 տարի է ներմուծվում է ցեմենտ եւ կլինկեր, բայց առաջին տարին տեղավորվում էինք, որովհետեւ շատ չէր՝ 186 հազար տոննա մտնում էր Հայաստան: Հիմա կլինկեր է մտնում: Բիզնեսի տեսակետից ասեմ՝ եթե որոշվում է, որ ներմուծվող ցեմենտի վրա պիտի լինի տուրքը, կլինկերի վրա չլինի, ավելի լավ է՝ մենք էլ կլինկեր բերենք, ու վաճառենք»:

Ցուցարարներն արձագանքեցին՝ բա մենք ի՞նչ պիտի անենք: Ինչին ի պատասխան Առուստամյանն ասաց՝ մենք բիզնեսի տեսակետից ենք նայում, որ չմեռնի:

Կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել նախագիծ, ըստ որի՝ ներկրված ցեմենտի համար 22 հազար դրամ պետտուրք պետք է գործի:

Ցուցարարներից մեկը Առուստամյանին դիմելով ասաց՝ ներմուծվող կլինկերի դեպքում էլ պետտուրք կա, եւ մինչեւ հասնում է Հայաստան 35 հազար դրամ եւ ավելի վճար է գանձվում, եւ դա չի համարվում մրցակից. «Ես ստեղի աշխատող չեմ, բայց մտահոգված եմ: Բայց եթե որպես բիզնես եք նայում, ասում եք՝ ձեռնտու չէ, մինուսով եք աշխատում, վաճառեք գործարանը, թող ուրիշները գան աշխատեն: Կա՞ փաստ, որ կլինկերն առանց հարկի են բերում»: Առուստամյանն էլ ասաց՝ «Արդեն ԱԺ-ում է նախագիծը, որ առանց կլինկերի, մենակ ցեմենտի, ու արդեն պարզ է Ազգային ժողովում ոնց է գնալու»:

Ցուցարարները դժգոհեցին 1150 աշխատակիցների կրճատումներից. «Բա ասում եք՝ ժողովրդի կողքին եք»: Առուստամյանն էլ արձագանքեց՝ «Կարող է 1150 չլինի, 800 լինի կամ 1000»:

Ցուցարարներից ոմանք պնդում էին, որ ցեմենտն էլ, կլինկերն էլ մրցակցային գին ունեն, եւ պահանջեցին 1 տոննա ցեմենտի գինն ասի Առուստամյանը, որն էլ հայտարարեց՝ 36 հազար դրամ: «Կներեք, ես չեմ հավատում: Ձեր խոսքերը համոզիչ են»: Ցուցարարները հայտարարում էին՝ տարիներով գերշահույթ եք ստացել: Մարդիկ պահանջում էին աշխատակիցներին աշխատանքից ազատման մասին ծանուցումները չեղարկել

«Արարատցեմենտ»-ի գործադիր տնօրեն Մանուկ Առաքելյանն էլ լրագրողներին հայտնեց՝ «Վրաստանը, Ադրբեջանը մերժեցին Իրանից ցեմենտ ներկրել, բոլոր պետությունները մերժել են, նմանատիպ բան աշխարհում չկա։ Եթե ունես ցեմենտի գործարան, ու մարդիկ աշխատում են, իրավունք չկա, որ դրսից անորակ ցեմենտ գա։ Մենք բյուջե 3 միլիարդ փող էինք վճարում»:

Ցույցի մասնակիցները վստահեցնում էին, որ վարկային պարտավորություններ ունեն.« Մենք հեղափոխություն արած ժողովուրդ ենք, պարոնայք իշխանավորներ, ցեմենտի գործարանը պետք է աշխատի, այլ տարբերակ գոյություն չունի։ Այսօր այստեղ ենք ցույց անում, վաղն էլ կարող ենք ուրիշ տեղ անել»։

Առուստամյանն ասաց, որ իրենց նպատակն է ներկրվող ցեմենտի ու կլինկերի դեպքում տեղական արտադրության հետ մրցակցային գին լինի. «Արտադրական ծավալներն ավելացնելու դեպքում հնարավոր է ինքնարժեքն իջեցնել, շահույթն էլ ավելացնել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930