Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետին հարցրեք, այլեւս անբավարարության զգացողություն չեք ունենա». Վահագն Հովակիմյանը՝ Մարուքյանին

Ապրիլ 15,2019 16:18

Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցն է քննարկվում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Կառավարությունն առաջարկում է, որ լինի 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն: Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ մայիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ թեկնածու էր, ասել էր, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է ընդգրկվեն կառավարության կառուցվածքում դառնան նախարարություններ: Ուստի հարցրեց՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի ասածը չեք անում, կամ ինչո՞ւ է փոխվել վարչապետի մտադրությունը, արդյոք դա հետեւանք չի՞ ունենա կասկածի տակ դնելու այլ որոշումները չկատարելու իմաստով:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը հարակից զեկուցողն է, պատասխանեց, որ կառավարությունը բերել է այնպիսի կառուցվածք, որն ուզում է, ինքը կարող է իրագործել իր ծրագիրն այս կառուցվածքով. «Կառավարությունն ինքն է որոշում, թե ինչպիսի կառուցվածք ներկայացնի, տվյալ դեպքում ներկայացրել է այնպիսի կառուցվածք, ինչպիսին ցանկացել է: Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն չեն՝ կառավարությունը եկել է համոզման, որ այս փուլում այսպես է պետք, որ իրականացնի իր ծրագիրը: Եթե իր ծրագրի համար կառավարությունը ցանկանա ուժայինների հետ կապված այլ փոփոխություն, կարող է հանդես գալ այլ օրենսդրական նախաձեռնությամբ, բայց կառավարությունը ներկայացրել է այնպիսի կառուցվածք, որն իրեն անհրաժեշտ է»:

Մարուքյանն ասաց, որ գուցե հարցը լավ չի ձեւակերպել, ճիշտ չհասկացան, բա՞ն է փոխվել, որ վարչապետի խոստումը չի կատարվել, դուք ասում եք՝ կառավարությունն այսպես է որոշել:

Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ այս հարցը վարչապետին տաք, այնպիսի մանրակրկիտ պատասխան կհնչի, դուք ձեր հարցի պատասխանը կստանաք, թե ինչու է այս կառուցվածը ներկայացրել կառավարությունը եւ ձեր սպասումները չի ներկայացրել: Էդ հարցը հնարավորություն ունեք տալ վարչապետին, համոզված եմ, որ այլեւս անբավարարության զգացողություն չեք ունենա»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց՝ «Էս մթնոլորտում դժվար է բավարարվել»: Պետրոսյանի համար զարմանալի է՝ ինչի՞ եք բերել ԱԺ, որ մեզ չեք ուզում հաշվի առնել, կառավարության որոշումով ընդունեիք. «Ուղղակի մտրակում եք խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը, եթե չասենք դանակահարում եք: Ի՞նչ է նշանակում քաղաքական մեծամասնության կառավարություն է, սենց են որոշել»:

Վահագն Հովակիմյանն էլ պատասխանեց, որ խորհրդարանական վերահսկողության ցայտուն օրինակ է այն, որ հիմա պաշտոնյաներ, որոնք երբեք ԱԺ մուտք չէին գործել ու պատգամավորների հարցերին չէին պատասխանել, հիմա գալիս են ու պատասխանում են: Նա ասաց, որ եթե ժողովուրդը ձեզ վստահեր, դուք հիմա նախարար կլինեիք, ուստի եթե այս կառավարությանն է վստահել՝ վստահում է նաեւ կառավարության այս կառուցվածքային փոփոխություններին:

Հովակիմյանի եւ Գեւորգ Պետրոսյանի բանավեճի մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930