Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում էի, որ երևի թե կբերեին, կասեին, որ այ, էս խմբագրությունում է կատարվել գաղտնալսումը. Աշոտ Մելիքյան

Ապրիլ 15,2019 15:54

«Եթե ուզում ենք՝ ԶԼՄ-ները արդար խաղի կանոններով աշխատեն իրենց լսարանի հետ, թափանցիկությունը կարևորագույն պայմաններից մեկն է»,- «Մեդիա կենտրոնում» «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա կարևորեց, որ լսարանը տեղյակ լինի՝ որտեղից ինչ ինֆորմացիա է ստանում. «Լավ կլինի, որ ԶԼՄ-ն ներկայացնի իր իրական սեփականատիրոջը, և իրական սեփականատերն էլ բաց-բաց խաղա լսարանի հետ»:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հիշեցրեց՝ երբ ՀՀ-ում նոր իշխանություններ էին գալիս, վերաբաշխում էր տեղի ունենում լրատվական դաշտում: Նա մանրամասնեց. «Մենք շատ լավ հասկանում ենք՝ նոր իշխանության բնույթն այնպիսին է, որ այդ գործընթացը մենք այսօր չենք տեսնելու: Հանրային հեռուստառադիոընկերությունն էլ այդպիսին չի դարձել՝ իշխանությանը ծառայող, և այսօր կարող ենք տեսնել հանրային ռադիոյում և հեռուստատեսությունում կարող ենք տեսնել ընդդիմության լայն ներկայացումը: Դա նշանակում է, որ մեր ոլորտի կարգավորումն ավելի քաղաքակիրթ բնույթ պիտի ստանա: Այս առումով կարևոր են Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի բարեփոխումները, սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը շեշտեց՝ ԶԼՄ-ները պետք է ազնիվ ու արդար լինեն իրենց լսարանի հետ. «Օր առաջ պետք է լրատվամիջոցները հրապարակեն իրենց իրական սեփականատերերին: ՀՀ կառավարությունը և քաղհասարակությունը միասին աշխատում են, 2018–ի նոյեմբերից կառավարությունը բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագիրը, որում առանձին հանձնառություն ունենք ստանձնած մշակելու ընդունելու իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի վերաբերյալ օրենսդրական դաշտը: Այն մոտեցումն է ընտրվել, որ հանրային ռեգիստրում բիզնեսի բոլոր ճյուղերի, այդ թվում ԶԼՄ-ների սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն պիտի լինի»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, հիշեցնելով, որ ԶԼՄ-ները համարվում են չորրորդ իշխանություն, կարծիք հայտնեց՝ այն պահանջները, որ ունենում ենք իշխանության ճյուղերի նկատմամբ, հասարակությունը նույն պահանջները կարող է ունենալ ԶԼՄ-ների նկատմամբ և պահանջել, որ նրանք լինեն հաշվետու և թափանցիկ. «Կոռուպցիան դրսևորվում է երեք հիմնական եղանակներով: Առաջինը սեփականության հարցն է. կան ռիսկեր, որ այն կարող է վտանգի ենթարկել բազմակարծությունը: Այն, որ ԶԼՄ-ները կենտրոնացած են մի քանի ուժերի ձեռքին, դա կարող է հանգեցնել խոսքի ազատության ճնշումների: Երկրորդ խնդիրը ֆինանսավորումն է: Լրատվամիջոցը, որը ստանում է անհատներից կամ կազմակերպություններից ֆինանսավորում, կարող է ստանալ նաև պատվերներ: Երրորդն անհատ լրագրողների կամ ԶԼՄ-ների աշխատողների կողմից դրսևորվող խնդիրներն են: Այս խնդիրները պետք է լուծվեն օրենսդրական կարգավորումներով, էթիկայի հարցերի հիման վրա կարգավորումներով»:

Հարցին՝ զանգվածային լրատվության օրենքում ի՞նչ տեղ է նախատեսված ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկությանը, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Նոր օրենքի նախագիծ ենք առաջարկում, որտեղ առանձին գլուխ նվիրված է լինելու թափանցիկությանը»:

Դառնալով Yerevan today-ի հետ կատարված քննչական գործողություններին և լրագրողական կազմակերպությունների արձագանքին՝ Աշոտ Մելիքյանն ասաց. «Մենք քննադատության արժանացանք, թե ինչու նույն օրը չենք արձագանքել: Այս իրավիճակը բոլորիս համար է նոր: Ես իմ պատկերացմամբ՝ ակնկալում էի, որ եթե ՀՔԾ-ն նման կոշտ միջոցների է դիմել, ուրեմն այն ունի հիմնովին փաստարկներ, որով կարող է դիմել հակախաղի: Մեծ հաշվով, եթե մինչև վերջ անկեղծ լինեմ, ակնկալում էի, որ երևի թե կբերեին, կասեին, որ այ, էս խմբագրությունում է կատարվել գաղտնալսումը, քանի որ միայն այդ պարագայում կարելի էր նման քայլերի դիմել: Դրա համար, երբ երեք օր հետո որևէ բացատրություն չստացանք, հանգիստ խղճով կազմակերպություններ հայտարարությամբ հանդես եկանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930