Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում առաջարկում են՝ «3 նախարարություն եկեք թողնենք, մեկը՝ Ծախսումների, մեկը՝ Ձեռքբերումների, մյուսն էլ՝ Դուխով առաջ գնալու»

Ապրիլ 15,2019 15:46

Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցն է քննարկվում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Կառավարությունն առաջարկում է, որ լինի 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն: Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարից: Առաջարկվող փոփոխություններից հետո կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, շրջակա միջավայրի, պաշտպանության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունները։ Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախարարությունների կրճատումից հետո կկրճատվեն քաղաքական եւ հայեցողական պաշտոններ, նախարարների տեղակալների, խորհրդականների, խոսնակների հաստիքներ, ընդհանուր թիվը՝ մի քանի տասնյակ։ Իսկ նախարարությունների միաձուլումից հետո կրկնվող ստորաբաժանումների քանակը կկրճատվի, որի ցուցանիշն էլ գնահատվում է մի քանի հարյուր. «Արդարության սկզբունքից ելնելով՝ օպտիմալացումն իրականացվել է ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ՝ բոլոր աշխատակիցները կունենան աշխատանքը շարունակելու հնարավորություն»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ «Կոնկրետ քանի՞ հաստի կամ աշխատատեղ է կրճատվելու այս՝ առայժմ կասկածելի բարեփոխումների արդյունքում, ի՞նչ արժեր այդ հաճույքը, եւ ԲՀԿ-ն միշտ կարեւորել է մշակույթի եւ սփյուռքի հետ կապերի անհրաժեշտությունը, հետեւաբար մեզ հետաքրքրում է նաեւ այս նախարարությունների աշխատանքը»:

Զեյնալյանը պատասխանեց. «Մեզ համար կասկածելի չէ այս բարեփոխումը, դա մեր լեգիտիմ կառավարության համոզմունքն է: Հաստիքների վերաբերյալ ես արդեն ասացի այն տվյալները, որ հնարավոր է բացահայտել՝ մի քանի տասնյակ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ են կրճատվելու՝ նախարարների, նրանց տեղակալների, օգնականների: Կրկնվող ստորաբաժանումների պարագայում այդ կրճատումների թիվը լինելու է մի քանի հարյուր՝ իրավաբանական վարչություններ, աջակցող ստորաբաժանումները: Անձինք, ովքեր գրանցված են, կլինեն ռեզերվում»:

Գեւորգ Պետրոսյանը արձագանքեց. «Ժողովուրդը մեզ հարց է տալիս, ասում ՝ ընկերներ, էս բարեփոխում կոչվածի արդյունքում քանի՞ մարդ է դառնալու գործազուրկ, քանի՞ մարզ է ծեծելու Զբաղվածության ծառայության դռները, քանի՞ մարդ է հավակնելու արտագաղթի, դրա՛ համար ենք ուզում իմանալ: Գուցե կյանքը ցույց տա, որ սա իսկապես բարեփոխում է, բայց մենք իրավունք ունենք կասկածի տակ դնել: Կոնկրետ քանի՞ մարդ է կրճատվում, ի՞նչ արժի այս հաճույքը, մենք ի՞նչ ենք ստանում՝ ինչի՞ հաշվին: Մենք էս ամեն ինչը ժողովրդի համար ենք, չէ՞ անում: Ժողովուրդը պիտի իմանա այս հարցերի պատասխանը: Ասենք, ինձ ո՞վ կարա բացատրի՝ էսօրվա կրթության նախարարը ի՞նչ կապ ունի սպորտի հետ: Լավ, ասենք, երբ նախարարություններ ենք միացնում, հե՞չ նշանակություն չունի ապագա միացված նախարարությունների ղեկավարների համապատասխանությունը ղեկավարած ոլորտներին: Ես կասկածի տակ եմ դնում, որ մի մարդը կարա ղեկավարի ե՛ւ սպորտի, կրթության, գիտության, մշակույթի… եկեք էդ դեպքում մի ուրիշ բան անենք՝ 3 նախարարություն եկեք թողնենք, մեկը՝ ծախսումների, մեկը՝ ձեռքբերումների, մյուսն էլ, ասենք՝ դուխով առաջ գնալու»:

Ի պատասխան՝ Զեյնալյանն ասաց, որ իսկապես դժվար թե գտնեն մի նախարար, որ իր ենթակայության տակ եղած բոլոր ոլորտներից այսպես ասած «գլուխ հանի». «Մենք չենք կարող որեւէ երկրում որեւէ նախարար գտնենք, որ փորձագետ հանդիսանա այդ ոլորտների: Նախարարների պաշտոնները քաղաքական են, նախարարն ընդունում է քաղաքական որոշումներ, նա ունենում է տեղակալներ»: Ինչ վերաբերում է «Դուխով առաջ գնալու նախարարություն» ստեղծելուն՝ Զեյնալյանն ասաց. «Մենք ունենք դուխով առաջ գնալու կառավարություն եւ Ազգային ժողով, ոչ թե ընդամենը նախարարության մակարդակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930