Արարատի մարզի Երասխ գյուղում է բնակվում 10-ամյա Արամը՝ «Առավոտի» եւ «Սինոլաբի» համատեղ «Կյանքը սահմանի եզրին» նկարազարդ պատմությունների շարքի հերթական հերոսը:
Արամիկը դպրոցից հետո բռնցքամարտ է պարապում եւ ընկերների հետ հեծանիվ քշում: Նրա գյուղը գտնվում է Ադրբեջանի (Նախիջեւանի) հետ սահմանի եզրին: Եվ երեխաները մեծանում են՝ սահմանապահներով շրջապատված: Արամիկն ասում է, որ ինքն էլ պիտի զինվոր դառնա, երբ մեծանա: Բայց երազում է տրակտորիստ դառնալու մասին. «Մեր հարեւան Գեւորգ ձյաձյան էլ ա տրակտորիստ, իր նման եմ դառնալու: Տրակտոր կա, որ դռդռում ա, տրակտոր կա, չի դռդռում… Լեգոներով էլ եմ տրակտոր,կոմբայն ու մարդ հավաքում, էլի լիքը բաներ: Կուզեմ իսկական տրակտոր քանդեմ հավաքեմ, բայց հիմա մենակ իմ հեծանիվը կարող եմ քանդել, անիվները փչել; Իմ երկու ընկերներն էլ որոշել են ավտո քանդող դառնալ, որ գյուղի բոլոր ավտոները սարքեն: Մեկ էլ, որ մեծ տղա դառնամ, շատ անասուններ եմ պահելու՝ կովեր, ձիեր, ոչխարներ, ու հարուստ կլինեմ; Միսը կխորովեմ, կաթ ու մածունն էլ կծախեմ:Ես մեր գյուղը շատ եմ սիրում, միշտ կուզեմ մեր գյուղում ապրեմ, կուզեմ մարդիկ ժպտան ու իմ մաման միշտ ժպտա; Որ մարտի ութ էր, ես իրեն բացիկ նվիրեցի իմ պատրաստած ու ցանկացա՝ երկար կյանք, չար աչքից հեռու; Բայց չգիտեմ, թե չար աչքն ինչ ա, մեծերն այդպես են ասում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի
Կոմիքսը՝ Շամիրամ Խաչատրյանի
«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են…