ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը՝ Միքայել Մելքումյանի հետ կատարված միջադեպի, ադրբեջանական լվացքատան, Նիկոլ Փաշինյանի եւ Դունյա Միյատովիչի ելույթների մասին:
«Առավոտը» ապրիլի 8-12-ը Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում տեղի ունեցած խնդիրների առնչությամբ զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի հետ:
– Պարոն Մարուքյան, ինչպե՞ս կգնահատեք ԵԽԽՎ-ի այս նստաշրջանը հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ին ուղղված կոչ-հանդիմանանքների համատեքստում:
– Նորմալ, սովորական գրաֆիկով ընթացող նստաշրջան էր: Կարծում եմ՝ շատ կարեւոր էր վարչապետի այցը, քանի որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Փաշինյանը, մեր գործընկերները ձերբակալված էին, ես այստեղ բարձրացնում էի նրանց ձերբակալման հարցը: Ուղիղ մեկ տարի անց էլի ես այստեղ եմ, եւ Փաշինյանն այցելում է որպես ՀՀ վարչապետ ու ելույթ ունենում որպես երկրի ղեկավար: Այսինքն՝ սիմվոլիկան հետաքրքիր է: Մեծ սպասումներ կան ՀՀ-ից եւ դրանք պետք է արդարացնել, որի մասին մենք ամենօրյա ռեժիմով խոսում ենք: Բարեփոխումներ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու եւ ժողովրդավարությունը, քաղաքական կամքը համակարգային մակարդակում արձանագրելու առումով: Հանդիմանանքների մասով կարող եմ ասել զուտ Ադրբեջանի հասցեին հնչածը, որ ուղղակի ԵԽԽՎ-ն որեւէ կոնֆլիկտի մեջ օգտագործելու եւ խաղաղության փոխարեն իրեր դեմ չսրելու մասով, որը նորմալ է ընկալվում: Երկրների ղեկավարները տարբեր ասելիք են ունենում, եւ դա այստեղ ասում են: Դրանում որեւէ խնդիր չկա:
Կարդացեք նաև
– Մյուս կարեւոր հայտարարությունը, որ հնչեց, Դունյա Միյատովիչինն էր, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մուտք ունենա, այսպես կոչված, գորշ գոտիներ: Ի՞նչ եք կարծում, այս հայտարարություններից հետո հնարավո՞ր է փոփոխություն՝ Արցախի հետ կապված՝ ԵԽ դիրքորոշումներում:
– Դունյա Միյատովիչի հայտարարությունն արվել է, բայց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ իրենք են որոշում իրենց տարածքում ում թույլ տան, ում՝ ոչ: Եվ այս առումով ԵԽԽՎ դիրքորոշման հարց չկա: ԵԽԽՎ-ն Արցախի կարգավորման խնդրում դերակատարում չի ունենալու, քանի որ մենք Մինսկի խմբի շրջանակում ենք դա միշտ պարտադրում, որ մնա:
– Ադրբեջանական պատվիրակության անդամները մեղադրեցին հայերին ատելության խոսքի տարածման մեջ, սակայն ոչ ոք նրանց չընդմիջեց, մինչդեռ Միքայել Մելքումյանը, երբ դիմեց ադրբեջանցի գործընկերներին հաջորդ նիստի ընթացքում, ԵԽԽՎ նախագահը դիտողություն արեց՝ անջատելով նրա բարձրախոսը: Սա խտրական մոտեցում չէ՞:
– Ադրբեջանցիները մեկ օր առաջվա դեբատի ժամանակ ատելության խոսքի դեբատի մեջ են ելույթ ունեցել՝ թեմայի մեջ: Իսկ այդ միջադեպը Միքայել Մելքումյանի հետ եղավ այն պատճառով, որ Միքայել Մելքումյանի ելույթը այլ թեմայով էր: Նա այդ ելույթում փորձեց պատասխանել ադրբեջանցիներին, դրա համար էին նրա խոսափողն անջատում: Այստեղ նման բաներ շատ են լինում, երբ պատասխանելու հնարավորություն չի լինում, ուրիշ ելույթի մեջ են փորձում պատասխանել, բայց, բնականաբար, նիստը վարողը թույլ չի տալիս:
– ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն անընդհատ հայտարարում էր իրենց բարեփոխումների, համաներման մասին: Ի՞նչ եք կարծում՝ ադրբեջանցիներին հաջողվե՞ց այս առումով եվրոպացի պատվիրակների մոտ վերաբերմունք փոխել Ադրբեջանի նկատմամբ:
– Այս նստաշրջանն Ադրբեջանի համար ամենավատն էր: Բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք քննարկվեցին. քաղբանտարկյալներ, լանդրոմատ, կոռուպցիա, օֆշորային գործարքներ, խոշտանգումներ բանտերում:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
13.04.2019