Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանին մտադիր է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանն աջակցել

Ապրիլ 15,2019 14:30

Երեւանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով քաղաքապետարանը սահմանում է համայնքի խնդիրները, ու դրանց լուծմանն ուղղված միջոցները:

Նախագիծն ուշագրավ է իր՝ այսպես ասած՝ մի քիչ սովետական մոտեցման տարրերով, մի քիչ կամավորության, մի քիչ էլ դաստիարակչական մոտեցումներով:

«Երեւան համայնքի կամավոր խնդիրները եւ սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երեւանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման եւ դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին».- այսպես է այդ ուշագրավ նախագծի անվանումը:
Թե ինչ է նշանակում «կամավոր խնդիր» ձեւակերպումը, նախագծից պարզ չէ, բայց դրանք կետերով շարադրված են:

Եվ այսպես, Երեւան համայնքի կամավոր խնդիրներն են՝ բնակարանային եւ սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը եւ կապիտալ վերանորոգումը, վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչների վերաբնակեցումը, թափառող կենդանիների (շների) վնասազերծման եւ ստերջացմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը, քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանն աջակցելը, արհեստների, ժողովրդական ստեղծագործության եւ գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանն աջակցելը, Երեւանի վարչական տարածքում գտնվող պատմամշակութային, բնական, մարդկային, զբոսաշրջային-ռեկրեացիոն ռեսուրսների մասին տեղեկատվության հաշվառումը, դասակարգումը, տարածումը եւ հանրահռչակումը, Երեւանի վարչական տարածքում գործող մշակութային կազմակերպություններին աջակցումը, Երեւանի վարչական տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ համագործակցությունը, տոների եւ հիշատակի օրերի հետ կապված` զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը նպաստելը, համայնքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման նպաստումը, սպորտային հրապարակների եւ մարզական այլ կառույցների շինարարության իրականացումը, հանգստի գոտիների ստեղծումը:

Բացի այս, նախագծում նշված կամավոր խնդիրներից են նաեւ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) սոցիալական (դրամական) օգնության տրամադրման կազմակերպումը, Երեւանի վարչական տարածքից պարտադիր զինվորական ծառայության զինակոչված զինծառայողներին ծառայության վայրում տեսակցելու նպատակով վերջիններիս ընտանիքների անդամներին աջակցելը, սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի հատկացումը:

Սակայն այս նախագծում, ամենաուշագրավ կամավոր խնդիրն է՝ «բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանն աջակցումը»: Մեկ այլ կամավոր խնդիր էլ է արձանագրել Երեւանի ավագանին՝ «բնակչության սանիտարահիգիենիկ կրթության, առողջ ապրելակերպի քարոզչությունը, սանիտարական վիճակի բարելավման աջակցումը»:
Ավագանին կարծես «աղբի դեմ» իր պայքարն է սկսել, կամ պատշաճ աղբահանության ու «Սանիթեքին» գործի դնելու անզորությունից կրթել բնակչությանը՝ սանիտարահիգենիկ գիտելիքներով: Սա գոնե հասկանալի է. արդեն տեւական ժամանակ է մայրաքաղաքում աղբահանության խնդիրը չի լուծվում: Մեկ պատճառաբանվում է, թե մեկ օպերատորը չի հասցնում, մեկ էլ, թե՝ բնակիչները աղբը սահմանված տեղում չեն գցում, մաքուր չեն պահում քաղաքը, ու հիմա քաղաքապետարանը որոշել է դաստիարակել երեւանցիներին:

Բայց ռազմահայրենասիրական դաստիրակչության աջակցությունն ո՞ւմ մտքով է անցել եւ ինչո՞ւ, հասկանալի չէ: Այսինքն՝ ի՞նչ են անելու Երեւանի ավագանու անդամները՝ հատկապես երիտասարդներին դաստիարակելու են՝ «Կովկասի քաջե՛ր, գնանք Մուշ-Սասուն, մեր քույր- եղբայրներ մեզ են սպասում, առյուծի ձագեր, հեծեք ձեր ձիեր, կապեցեք զենքեր, օրհնյալ տիկիններ, Հայոց օրիորդներ, ծախեք ձեր զարդերը, գնեք փամփուշտներ…», թե՞ «Բաքուն՝ արյուն ծով» ոգով: Ինչ-որ չի տեղավորվում խաղաղության օրակարգում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930