ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ դուրս եկան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Կոնստանտին Տեր-Նակալյանը տեղեկացրեց՝ ոստիկանական բաժանմունքում անցկացրել ենք երեք ժամ: Հետաքրքրվեցինք՝ ի վերջո ինչո՞ւ էին նրանց բերման ենթարկել, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց. «Վարչական ձերբակալություն էր. ասում էին, որ մենք հանրային տարածքն օգտագործել ենք ոչ նպատակային»:
Խնդրանքին՝ ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչ նկատի ունեին, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց. «Մեզ բացատրում էին, որ ասֆալտը նախատեսված չէ նման բաների համար, ու դա խախտում է, որի համար տեսականորեն հասնում է տուգանք: Հանրային կարգ ենք խախտել ասֆալտի վրա գրաֆիտի անելը սարսափելի հանցագործություն է՝ վարչական խախտում է»:
Հետաքրքրվեցինք՝ ոստիկաններն իրենց հետ լա՞վ են վերաբերվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոստիկանության մասով էական բան չկա, ոչ էլ ոստիկանության մասին էր ակցիան: Այս ակցիան Նիկոլ Փաշինյանի մասին է»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը խոստացավ՝ կատարվածի մասին առավել մանրամասն կներկայացնեն ժամը 15.00-ի մամուլի ասուլիսին:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի փողոցներում նրանք իրականացնում էին #sutNikol ակցիան: Անդամները եղան Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում:
Այդ ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկեց ակցիայի մասնակիցներին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ