Լրահոս
Օրվա լրահոսը

Գործը կասեցվեց, բայց այդպես էլ չպարզվեց՝ որտեղ է ստացել այդ վնասվածքները

Ապրիլ 15,2019 14:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա. Առաքելյանի որոշմամբ մերժվել է տուժող Դավիթ Սիմոնյանի բողոքը քննիչի դեմ: Թե քննիչի, թե դատախազի որոշումների դեմ բողոքը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում:

Ինչու է երիտասարդն իրեն տուժող համարում:

Դավիթ Սիմոնյանը 2016 թ. օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել իրեն ծեծի ենթարկելու մասին:

Նա հայտնել էր, որ մեկ օր առաջ, ժամը 22.00-ի սահմաններում, յոթ-ութ երիտասարդ Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում ծեծել են իրեն, ապա բռնի ուժով նստեցրել են «Օպել» մեքենան, տարել Ազատության հրապարակում գտնվող «Ատլանտիկ» սրճարանի մոտակայք, ավելի շուտ՝ խուլհամրերի շենքի մոտ, երեք ժամ իրեն զրկել են ազատությունից, ապա հորը զանգելուց հետո, բաց են թողել: Քննիչին Դավիթն ասել էր, թե իրեն ծեծողներին չի ճանաչել, նա հիշել է Վահե, հետո Սենչ անուններով անձերի, նրանցից Վահեն եղել է «Լեքսուս» մեքենայով: Դավիթն ասել էր, որ հարվածներից մեկից գիտակցությունը կորցրել է, իսկ առհասարակ, տեղյակ չի, թե ինչու են իրեն ծեծի ենթարկել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Դ. Սիմոնյանի մարմնական վնասվածքները՝ ձախ վերին եւ ստորին կոպերի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, ձախ ակնակոպիճի դրսային անկյան, աջ բազկի, ծոծրակի, ճակատի, չեն բացառվում, որ պատճառված լինեն բութ առարկաներով, հնարավոր է որոշմամբ նշված ժամանակահատվածում. «Վնասվածքները թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում»:

Նախապատրաստված նյութերով, քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Գ. Սիմոնյանը որոշում է կայացրել կասեցնել, որոշումը հիմնավորելով այսպես. «Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, սակայն հնարավոր չի եղել պարզել հանցանք կատարած անձին, այսինքն՝ չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման անձի կամ անձանց ինքնությունը»:

Նշենք, որ քննչական բաժին կանչվել են երկու եղբայրներ՝ Վահե եւ Դավիթ անուններով, եւ նրանց ընկերը՝ Ահարոնը:

Վահեն ցուցմունք էր տվել, թե ոմն Արթուր բջջային հեռախոսի վաճառքի հետ կապված ցանկացել է հանդիպել իր ծանոթ աղջկան:

Եղբոր եւ ընկերոջ հետ գնացել է հրապարակ, որպեսզի տեսնի վաճառողին՝ Արթուրին: Այդ ժամանակ տեսել է իր ծանոթ աղջկան, մի տղայի հետ, մոտեցել է, հարցրել՝ Արթուրը դո՞ւ ես, վերջինս պատասխանել է՝ ինքն է, ապա ապտակել, ասելով, թե Արթուրը չէ, նրան խաբել են: Քանի որ այս ամենը Կառավարության շենքի դիմաց էր, նրանք Դավիթ Սիմոնյանի հետ «քայլելով են մոտեցել» մեքենային, ապա «բոլորով իջել են, նստել զրուցարանում», մինչ Դավիթի կողմից հորը զանգելը: Ըստ ցուցմունքի, թե եղբայրը, թե ընկերը Դավիթ Սիմոնյանին չեն ապտակել, նրա կամքին հակառակ մեքենայում չեն պահել:

Ինչ վերաբերում է տուժողի մարմնի վրա առկա վնասվածքներին, այս վկան ասել էր, թե ինքը կապ չունի վնասվածքների հետ:

Նույնպիսի ցուցմունք էին տվել նաեւ ծանոթ աղջիկը, Վահեն, Ահարոնը:

Դ. Սիմոնյանն անցյալ տարվա օգոստոսին վարչական շրջանների դատախազությանն իր բողոքն է ուղարկել՝ խնդրելով վերացնել քննիչի վերոհիշյալ որոշումը, քանի որ օբյեկտիվ քննություն չի կատարվել բացահայտման ուղղությամբ:

Դատախազն ուսումնասիրել է բողոքը, մերժել՝ «անհիմն է եւ ենթակա մերժման» որոշմամբ:

Դատախազի տեղեկացմամբ, հարցաքննվել են վկաներ, վերծանվել են հեռախոսազանգերը, սակայն չեն կարողացել հրավիրել Դավիթի հորը, նրա ընկերոջը. «որպիսի պայմաններում հնարավոր չի եղել վերջնական քրեաիրավական գնահատական տալ Դավիթ, Վահե եղբայրների, նրանց ընկերոջ արարքներին»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930