Լրահոս
Օրվա լրահոսը

Իմաստուն ասույթների թիրախը

Ապրիլ 15,2019 13:30

Տարիներ առաջ ուշադրությունս գրավեցին ԱՄՆ-ում լույս տեսնող թերթերից մեկում տպագրված հետեւյալ տողերը. «Ամերիկացիներն աշխատում են, եթե լավ են վճարում: Ռուսներն աշխատում են: Եթե վճարում են՝ լավ է…»: Ակամա մտածեցի՝ ի՞նչ կստացվեր, եթե այս անսովոր ու խորիմաստ բառախաղում ռուսների փոխարեն գրված լիներ՝ հայերը: Կարծում եմ, բովանդակությունը բնավ չէր տարբերվի: Սակայն ճիշտ է եւ այն, որ մեր թեեւ աշխատասեր, բայց հուսահատ հայրենակիցները, ցավոք, տարիներ շարունակ հիմնականում հենց Ռուսաստանում են ջանում հարմար գործ գտնել եւ, հանուն դրա, գնում հասնում են նույնիսկ ցրտաշունչ սիբիրները, միայն թե երկու կոպեկ վաստակեն եւ կարողանան օգնություն ցույց տալ տանը մնացած եւ նյութական կարիքների մեջ խրված իրենց հարազատներին: Ի դեպ, ամենաթարմ ու տխուր եւս մի փաստ, որ տպագրվեց մամուլում՝ 27 հազար հայաստանցիներ ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, եւ կասկած լինել չի կարող, որ այս հույժ տագնապալի թիվը գնալով շատ ավելի պատկառելի է դառնալու…

Այդուհանդերձ, լավ է, որ դրսում գոնե օգնական ուժ կա ու գործում է: Իսկ ի՞նչ հույսեր կարող են փայփայել, ինչպես չասես՝ մեր խեղճուկրակ թոշակառուները: Ինչ խոսք, նրանք որոշ չափով ոգեւորություն ու հրճվանք ապրեցին, երբ իմացան, որ գոնե կենսաթոշակների նվազագույն չափը, վերջապես, բարձրացել հասել է 25500 դրամի: Ճիշտ է, միաժամանակ հետաքրքրություն առաջացրեց մեկ այլ բան՝ այս դեպքում որքա՞ն կկազմի տվյալ կարգի թոշակառուի, ասենք, մեկօրյա չափաբաժինը: Հասկանալի է, սա պարզելու համար թվաբանական բարդ հաշվարկ կատարելու կարիք չկա՝ ամեն ինչ սահմանափակվում է զուտ մետաղադրամների օգնությամբ, թեկուզ այն պատճառով, որ գումարը կազմում է հազար դրամից էլ պակաս: Դե, գրոշներ հաշվելը մեծ բան չէ տարեցների համար: Այլ հարց է, թե տվյալ թոշակառուներն, ըստ էության, ինչո՞վ են տարբերվում մեր բնակարանների մուտքի կոճակը երբեմն սեղմող ու խեղճ տեսքով օգնություն աղերսող մուրացկաններից: Եվ մի՞թե հարկ է զարմանալ, երբ երբեմն լսում ես Երեւանի պուրակներում հավաքվող բիձեքի կողմից օգտագործվող այս բառախաղը. «Եթե դատելու լինենք մեր ստացած կենսաթոշակների շուրջ, ապա իսկապես պետք է դատել…»:

Իսկ ինչո՞ւ են մեզ մոտ բազում խնդիրներ ծագում, երբ բանը հասնում է կենսաթոշակների չափը սահմանելուն: Պարզ է, խոսքը ֆինանսների մասին է, ինչը, բնականաբար, պահանջում է խիստ ու նուրբ հաշվարկ, այն պայմանավորված է նաեւ պետական բյուջեի հետ: Սակայն միեւնույն է, եթե նույնիսկ բացառիկ կարեւոր հարցերի լուծումը տարիներ շարունակ ձգձգվում է (խոսքը բոլոր կարգի կենսաթոշակների մասին է), եթե հույժ կարեւոր կենսական նշանակություն ունեցող խնդիրը, ճչան լինելով հանդերձ, քնեցվում է այն պարագայում, երբ երկրի թալանչիներից միլիարդներ են ետ բերվել, դրա հետ մեկտեղ շռայլ պարգեւավճարներ են կատարվում, ինչպես չհիշես այն ամենաթիրախավորված արտահայտությունը, որի հեղինակը մեծն Ա. Էյնշտեյնն է՝ «Միայն երկու հավերժ բան կա՝ տիեզերքն ու հիմարությունը, թեեւ տիեզերքի պարագայում ես որոշ կասկածներ ունեմ…»:

Վերջում էլ չի կարելի անտեսել հարգարժան Ժ.Ժ. Ռուսսոյի՝ առօրյա կյանքի հետ առնչվող իմաստուն խոսքը՝ «Հազար ճանապարհ է տանում դեպի մոլորություն, իսկ դեպի ճշմարտություն՝ մեկը»: Հուսանք, որ այդ միակ լուսավոր ուղին անպայման կգտնվի:

ՄԻՍԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13,.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930