«Գործը պետք է վերաբացվի, պատասխանատուները պետք է օրենքի առջեւ պատասխան տան»,- այսօր դատարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործարար Սիլվա Համբարձումյանը: Այս գործարարը հանրությանը վերջին շրջանում հայտնի է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հայցերով: Նա պնդում է, որ նախկինում մի շարք պաշտոնյաների խոշոր չափերի հասնող կաշառքներ է տվել: Տվյալ պարագայում, խոսքը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը, 2007 թվականից եղել է բնապահպանության նախարար: Նա մեղադրվում է հանքերի շահագործման լիցենզիայի տրամադրման դիմաց գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափի` 14 միլիոն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Արամ Հարությունյանն այժմ հետախուզման մեջ է: Այս գործի վարույթը տարիներ առաջ կասեցվել էր եւ վերաբացվել 2018թ.-ին՝ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր պետք է շարունակեր առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ գործով մեկ այլ մեղադրյալ` Արաքս Դիլանյանի ներկայացրած բողոքը։
Արամ Հարությունյանի պաշտպանները վիճարկում են` արդյոք իրավաչա՞փ է նոր երևան եկած հանգամանքների հիման վրա գործի վերաբացումը: Հիշեցնենք, դրանց հիման վրա դատախազությունը 2018 թվականի հունիսին վերացրել է 2017 թվականի քրեական գործով անցնող անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործով վարույթը կարճելու որոշումը։ Արամ Հարությունյանի պաշտպանները` նոր ի հայտ եկած հանգամանքների վրա գործը վերաբացելու հիմքեր չեն տեսնում:
Կարդացեք նաև
«Հիմա վերաբացվելու հիմքերն ամբողջությամբ կան»,- դատարանում, լրագրողների հետ զրույցում այսօր պնդեց Սիլվա Համբարձումյանը: «Նախկինում Էմիրություններից թղթերը պահանջել էին, եկել էին, բայց գործը փակվել էր, քանի որ Բաղրամյան 26-ի զանգերն են գերիշխել: Փաստաթղթերը հաշվի չեն առել»,- պնդում է գործարարը:
Հիշեցնենք, Սիլվա Համբարձումյանը դեռ 2015-ին էր բողոք ներկայացրել Արամ Հարությունյանի դեմ: Գործը կարճվել էր`անհիմն լինելու պատճառաբանությամբ: 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Սիլվա Համբարձումյանը որոշեց կրկին բողոքարկել:
Նիստը հետաձգվեց. քննիչը վերաքննիչ դատարանում է, դատախազը չի եկել, պաշտպաններից միայն մեկն էր ներկա: Մյուս պաշտպանը խնդրել էր հետաձգել նիստը: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 7-ին, ժամը 16.30-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ