Տասը տարի առաջ էր
Տեղս ծառ ու կանաչ էր,
Բահ ու բրիչ միացան,
Փորփրեցին՝ լիացան:
Հետո տուֆքար բերեցին,
Ավազ, բետոն խառնեցին
Ու օրեց-օր մեծացա՝
Երեք հարկանի դարձա:
Ներսս գաջով պատեցին,
Ներկ, պաստառով նախշեցին,
Սալիկներով գույնզգույն,
Դարձրին մեծ շենք, ինքնուրույն:
Երբ հոսանք, ջուր միացան,
Կյանքս կտրուկ լավացավ:
Վարագույրներ կախվեցին,
Սեղան, աթոռ դրվեցին:
Կարդացեք նաև
Դրսիս պատն էլ փորեցին,
Մեծ տառերով գրեցին՝
«Հզորանաս դու հիմնարկ,
Տանես բազում հաղթանակ»:
Սրա կողքին՝ գողտրիկ,
Վառ գույներով, սիրունիկ:
Իմ նշանն էլ կպցրին,
Ու բարի երթ մաղթեցին:
Շուրջս պուրակ հիմնեցին,
Ծառ ու ծաղիկ տնկեցին:
Նստարաններ ճաշակով,
Գետնին դրին խնամքով,
Որ տղերքը գան ծխեն,
Ներսիս օդը չաղտոտեն:
Աղջիկներն էլ՝ թե որ գան
Սուրճ կխմեն կամ էլ՝ թան:
Երբ ամեն ինչ վերջացավ,
Հերթը հանձնման հասավ:
Եկան խոժոռ քեռիներ,
Բարձր կարգի արիներ:
Գլուխ-գլխի տվեցին,
Շենքը ակտով հանձնեցին,
Կերուխումն էլ կայացավ
Ու սրտերը հովացավ:
Լավ հիշում եմ այդ օրը,
Երբ խախտեցին անդորրը,
Ժապավենը կտրեցին
Աղջիկ, տղա երգեցին,
Ծափ-ու ծիծաղ պարի հետ,
Աշխատողներ ու մի պետ,
Ձեռքին բռնած ծաղկեփունջ,
Դարձան ժպտուն, հետո՝ լուրջ:
Անցան տասը տարիներ,
Գործն էր առատ, բերքաբեր:
Վարկեր, հարկեր մեծացան,
Բիզնեսները շատացան:
Վարկ տվեցին բոլորին:
Տոկոս դրին վզներին,
Թե պայմանն էլ, որ խախտեն,
Տուգանք պիտի վճարեն:
Երբ ամիսն է վերջանում,
Մուծված դրամն են հաշվում,
Ով չփակեց տոկոսը,
Կընկնի պարտքերի փոսը:
Եթե կեղծված փողեր կան,
Շուտ նետվում են աղբաման:
Որ հատողին պատվեր տան,
Շքեղ դրամ ստանան:
Դեռ ջահել եմ, բարեկամ,
Նոր եմ տասը տարեկան,
Բայց նման չեմ մանուկի,
Ով ցանկանա՝ ինձ թակի:
Քչով էլ եմ լիանում,
Ունեցածով կշտանում:
Ունեմ հազար բարեկամ,
Նաև՝ որոշ չարակամ:
Կանցնի ևս տաս տարի,
Եթե կյանքս երկարի,
Հաղթահարեմ ցավ ու դարդ
Կդառնամ ես տղամարդ:
Ամեն տասնյակ պիտ նշենք,
Ձեռք ձեռքի տանք, աշխատենք,
Հարյուր տարուն որ հասնենք,
Արդեն դարով կհաշվենք:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ