«Նոր Հայաստանում ՊԵԿ-ն ընդդեմ ԳԱԼԱ-ի վերաքննիչ բողոք է ներկայացրել». ԳԱԼԱ-ն այսպիսի հայտարարություն էր տարածել՝ ՊԵԿ-ի՝ ԳԱԼԱ-ի գործով Վերաքննիչ ներկայացրած բողոքի հետ կապված: Պետեկամուտների կոմիտեն պահանջում է բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.02.2019թ. կայացրած վճիռը եւ այն փոփոխել, իսկ ներկայացված հայցն ամբողջությամբ մերժել:
Հիշեցնենք, որ 2008-ին Հարկային պետական ծառայության հայցը դատարանը բավարարեց, եւ որոշում կայացվեց ԳԱԼԱ-ից բռնագանձվեց ավելի քան 25 միլիոն դրամ: Այս գործով կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռ, որն արձանագրում է՝ անհիմն կերպով ԳԱԼԱ-ի արդար դատաքննության իրավունքները ոտնահարել են ներպետական դատական ատյանները Եվրադատարանի վճռից հետո գործը կրկին լսվեց ՀՀ վարչական դատարանում: Այնտեղ վկաներից մեկը ցուցմունքում հայտարարել էր՝ «Ինչ որ ասել է КГБ-ն, դա էլ գրել եմ», նա նաեւ հայտարարել էր, որ ԱԱԾ-ի հրահանգով ԳԱԼԱ-ից հանել է նաեւ գովազդները:
ԳԱԼԱ-ի լրագրողը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրել էր՝ Ռոբերտ Քոչարյանի տված քաղաքական հրահա՞նգն են փորձելու ավարտին հասցնել, ի պատասխան՝ Անանյանն ասել էր՝ «Ակնհայտ իրավական պրոցեսը դուք ուզում եք քաղաքական որակել…»:
Այս առնչությամբ Aravot.am-ը galatv.am կայքի խմբագիր Արմենուհի Վարդանյանին հարցրեց՝ ՊԵԿ-ը շարունակում է նույն քաղաքական գի՞ծը վարել, թե՞ նորից հրահանգներ է ստանում Քոչարյանից:
Կարդացեք նաև
Նա պատասխանեց. «Պատահական չէ, որ հայտարարության տեքստի մեջ մենք հորդորում ենք Անանյանին պատրաստ լինել, այսինքն, պատրաստվել եւ նոր միայն խոսել: Կենթադրեմ, որ պարզապես Դավիթ Անանյանը քաջատեղյակ չէ ԳԱԼԱ-ի գործին: Իհարկե, չեմ կարծում, որ Քոչարյանի հրահանգներն են կատարում, կամ նոր քաղաքական հրահանգ են կատարում: Չեմ կարծում: Պարզապես մտածում եմ, որ ինքը տեղյակ չէ ԳԱԼԱ- գործին, այն նախապատմությանը, իսկ գործն արդեն շուրջ 12 տարվա պատմություն ունի: Կարծում եմ, անտեղյակության արդյունք է սա, համենայնդեպս, առաջիկա գործողությունները, առաջիկա ընթացքը դատական գործի ցույց կտա՝ տեղեկացվա՞ծ է ՊԵԿ-ը ուր է դիմել ու ինչու է դիմել: Իրենց Վերաքննիչ բողոքի մեջ ուշագրավ է, որ իրենք ասում են՝ Վարչական դատարանը, որ ՄԻԵԴ վճռից հետո հօգուտ ԳԱԼԱ-ի վճիռ կայացրեց, նշում են, որ Վարչական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների տիրույթից եւ իրավական գնահատական են տալիս արդեն իսկ ապացուցված հանգամանքներին: Վարչական դատարանում հարցաքննվել է ընդամենը 2 վկա: Գործով կարեւորագույն վկաներից մեկը Գրիգոր Ամալյանն էր՝ ՀՌԱՀ նախկին նախագահ, ով փաստաթղթեր էր տրամադրել ու այդ փաստաթղթերի վրա էր հենվել ԳԱԼԱ-ի գործը, առհասարակ դատարանին Գրիգոր Ամալյանին գտնել չհաջողվեց, նրա բնակության վայրը հայտնի չէր: Մի քանի գործարարներ, ովքեր էլի ժամանակին ԳԱԼԱ-ի դեմ ցուցմունք էին տվել, էլի չեկան դատարան: Ընդամենը 2 վկա է հարցաքննվել ՄԻԵԴ վճռից հետո: Վկաներից մեկը հստակ ասել է, որ ԿԳԲ-ն իրեն ինչ ասել է՝ արել է ու հանել է տվել գովազդները ԳԱԼԱ-ի եթերից էլի ԿԳԲ-ի աշխատակցի հորդորներով: Հիմա, երբ ՊԵԿ-ն ասում է, որ ապացուցված հանգամանքներ կան, ինձ համար տարօրինակ է, թե ի՞նչ ապացուցված հանգամանքների մասին է խոսքը, արդյոք այն ապացուցված հանգամանքների՞, որոնք կորզվել են ժամանակին, երբ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանն էր ու կար քաղաքական հրահանգ՝ եթերազրկել ԳԱԼԱ-ին: Ճնշումների արդյունքում է կորզվել այդպես կոչված «ապացույցները»:
Մեր հարցին՝ դուք սպասում եք, որ եթե Դավիթ Անանյանը այս մանրամասներին տեղեկանա, Վերաքննիչի դիմումը հե՞տ կվերցնի ՊԵԿ-ը՝ Արմենուհի Վարդանյանը պատասխանեց. «Սպասենք տեսնենք, թե ինչպես կհանգուցալուծվի գործը: Թե ինչ կանի ՊԵԿ-ը, քիչ է հետաքրքրում: Անգամ եթե դիմում են Վերաքննիչ, անգամ եթե գործը փոխեն եւ նոր քննության դնեն, պիտի կարողանան ապացուցել: Վարչական դատարանում դա չստացվեց»:
Արմենուհի Վարդանյանը նաեւ հիշեցրեց, որ այն 25 մլն դրամը, որը որոշում էր կայացվել բռնագանձել ԳԱԼԱ-ից, իրենք վճարել են՝ դրամահավաք-մարաթոնի միջոցով. «Այդ գումարը հավաքեցին հազարավոր քաղաքացիներ ու վճարեցին պետբյուջե, որովհետեւ այդ ժամանակ արգելանքի տակ էին ԳԱԼԱ-ի ե՛ւ դրամական միջոցները, ե՛ւ գույքը: Հիմա կարող ենք ենթադրել, որ ըստ էության, Անանյանին բյուջե լցնելու հրահանգ է իջեցվել ու այսպես թացը չորով Անանյանը սկսել է ձեռնամուխ լինել բյուջե լցնելու գործին՝ առանց նայելու ինչ գործ է այդտեղ, ինչպիսին է գործի նախապատմությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ