Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրական 2 լիտր ջուր խմելու» կանոնի հակառակ կողմը․ վերջապես որքա՞ն հեղուկ է անհրաժեշտ օրգանիզմին

Ապրիլ 14,2019 23:00

Մենք չափազանց հաճախ ենք լսում այս խորհուրդը՝ շատ ջուր խմեք․ այն հնչում է ցանկացած իրավիճակում՝ երբ հոգնած ենք կամ երբ մաշկի չորությունն է անհանգստացնում։ Իսկ շատ ջուր խմելու հորդորը բավականին հին է։ Վերջապես՝ արդյո՞ք այն գիտականորեն հիմնավորված է։

XIX դ-ի սկզբներին մահամերձներին էին ջուր տալիս։ Ինչպես գրել է ջրաբուժության հայր Վինցենց Պրիսնիցը, ծարավը հագեցնել թույլատրում էին միայն նրան, ով կատարյալ հյուծման եզրին էր։

Շատերը երբեք միանգամից կես լիտրից ավելի ջուր չէին խմել, ավելացրել է նա։

Հիմա ամեն ինչ փոխվել է, օրինակ, ԱՄՆ-ում շշալցված ջրի վաճառքը գերազանցել է գազավորված ըմպելիքների վաճառքի ծավալներին։

Մեզ անընդհատ համոզում են, որ օրական որոշակի լիտր ջուր խմելով՝ մենք գերազանց առողջության գաղտնարաններն ենք բացահայտում, ստանում ենք ավելի շատ էներգիա, մեր մաշկը վերափոխվում է և սկսում փայլել հրաշալի տեսքով, ինչպես նաև դա օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից ու անգամ խուսափել քաղցկեղից։

Բազմաթիվ են պնդումները, որ օրական նվազագույնը 8 բաժակ ջուր (մոտ 2 լ) է պետք խմել, ընդ որում՝ մյուս ըմպելիքները չհաշված։

Խոսքը միայն ջրի մասին չէր, այլ ցանկացած տեսակի ըմպելիքի, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի։

Այս «կանոնը», սակայն, ապացուցված չէ գիտական հետազոտություններով։

Այդ դեպքում որտեղի՞ց է այն գալիս։ Թերևս տասնյակ տարիներ առաջ կազմված 2 տարբեր հրահանգներից։

1945 թ․-ին ԱՄՆ Ազգային գիտահետազոտական խորհրդի պարենային եւ սնուցման հանձնաժողովը մեծահասակներին խորհուրդ է տվել սննդի յուրաքանչյուր կալորիայի հետ 1 միլիլիտր հեղուկ օգտագործել, ինչը կանանց դեպքում մոտավորապես կազմում է 2 լ, տղամարդկանց դեպքում՝ 2,5 լ։

Ընդգծենք՝ խոսքը միայն ջրի մասին չէր, այլ ցանկացած տեսակի ըմպելիքի, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի, որոնցից շատերը մինչև 98% հեղուկ են պարունակում։

Բացի այդ, 1974 թ․ -ին լույս տեսած «Ամուր առողջության սննդակարգը» գրքում (Մարգարեթ Մաքուիլիամս, Ֆրեդերիկ Սթեր) նույնպես խորհուրդ էր տրվում 6-8 բաժակ ջուր ըմպել, սակայն հեղինակները նշում էին, որ այդ չափաբաժնի մեջ կարող են ներառվել մրգերը, բանջարեղենն ու սուրճը, անգամ՝ գարեջուրը։

Ջուրն, իհարկե, կարևոր է․ այն կազմում է մարդու օրգանիզմի երկու երրորդը։

Ջուրը տարածում է սննդանյութերը, դուրս բերում շլակները, կարգավորում է մարմնի ջերմաստիճանն ու պաշտպանում հոդեր ծանրաբեռնվածությունից։ Ջուրը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ քիմիական ռեակցիաներին։

Մենք անընդհատ ջրազրկվում ենք՝ քրտնելով, միզելով, անգամ շնչառության միջոցով։ Եվ օրգանիզմն անհրաժեշտ հեղուկով ապահովելն ու ջրազրկումից խուսափելը կարևոր պայման է։

Ջրազրկման նախանշանները հայտնվում են, երբ մենք կորցնում ենք մեր օրգանիզմի 1-2% հեղուկը, և եթե մենք չլրացնենք այդ պակասը, մեր վիճակը գնալով կվատանա։ Թեև հազվադեպ, սակայն այդ վիճակն անգամ մահվան կարող է հանգեցնել։

Օրական 8 բաժակ ջուր խմելու անհրաժեշտության գիտակցության արմատավորումը բերել է նրան, որ այսօր ծարավի զգացողության դեպքում մենք համարում ենք, որ մեր օրգանիզմը ջրազրկվել է։

Սակայն բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ մեզ այնքան ջուր է հարկավոր, որքան պահանջում է մեր օրգանիզմը։

Ջուրն ավելորդ կալորիաներ չի պարունակում, դրա համար էլ այն ամենաառողջ տարբերակն է։

Առողջ օրգանիզմում գլխուղեղը, հասկանալով, որ մարմինը ջրազրկվում է, ծարավի զգացողություն է առաջացնում, որպեսզի մենք այն հագեցնենք։ Ընդ որում այն համապատասխան հորմոն է արտադրում, որը երիկամներին հեղուկը պահպանելու ազդանշան է տալիս՝ բարձրացնելով մեզի խտությունը։

«Եթե դուք ուշադիր լինեք ձեր օրգանիզմի ազդանշաններին, կհասկանաք, թե երբ է հարկավոր խմել»,- նշում է սպորտային բժիշկ  Քորթնի Քիփսը։

Ջուրն ավելորդ կալորիաներ չի պարունակում, դրա համար էլ այն ամենաառողջ տարբերակն է, բայց մյուս ըմպելիքները նույնպես նպաստում են հիդրատացիային (անգամ թեյն ու սուրճը)։

Բավականաչափ ապացույցներ չկան, որ ավելի շատ ջուր, քան պահանջում է մեր օրգանիզմը, խմելն ունի ակնհայտ առավելություններ։

Այնուամենայնիվ որոշ հետազոտություններ թույլ են տալիս մտածել, որ ջրազրկման անգամ ամենաթույլ աստիճանն արժե կանխարգելել, քանի որ ջրի բավարար քանակությունը նպաստում է գլխուղեղի կանոնավոր գործունեությանը, իսկ որոշ տվյալներով՝ նաև ավելորդ քաշի դեմ պայքարին։

Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և նահանգային համալսարանի պրոֆեսոր Բրենդա Դեյվին այս թեմայով մի քանի հետազոտություններ է անցկացրել։

Դրանցից մեկում նա մասնակիցներին 2 խմբի է բաժանել։ 3 ամսվա ընթացքում 2 խումբն էլ առողջ դիետա է պահել, սակայն մի խմբի անդամները ցանկացած սնունդ ընդունելուց կես ժամ առաջ 500 լ ջուր են խմել։ Արդյունքում այդ խումբն ավելի շատ կիլոգրամներ է կորցրել, քան մյուսը։ Երկու խմբի անդամներին էլ նաև հրահանգ էր տրվել օրական մոտ 10 000 քայլ կատարել, և «խմող» խումբն ավելի լավ էր հաղթահարել այդ խնդիրը։

Դեյվին ենթադրում է, որ չափավոր ջրազրկումը (1-2%) բավականին տարածված երևույթ է, և շատերը այն չեն էլ զգում։ Բայց ջրազրկման անգամ այդ ցածր աստիճանը կարող է ազդել մեր տրամադրության և էներգիայի վրա։

Իսկ լոնդոնյան համալսարանական քոլեջի պրոֆեսոր Բարբարա Ռոլսը համարում է, որ ջրի օգտագործմամբ պայմանավորված կիլոգրամների կորուստը կապված է նրա հետ, որ ջրով փոխարինվում են քաղցր ըմպելիքները։

«Եթե դուք սննդի հետ ավելի շատ հեղուկ օգտագործեք (ասենք՝ ապուր), ավելի շուտ կհագենաք, այդ դեպքում ջուրը ստամոքսում ավելի երկար կմնա»։

Ինչ ասել է ջրազրկում․ երբ մարմինն ավելի շատ հեղուկ է կորցնում, քան ստանում է

Մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումը երբեմն կարող է արյան մեջ նատրիումի խտության նվազման պատճառ դառնալ։

Ջրազրկման նախանշաններ են համարվում մեզի մուգ դեղին գույնը, հոգնածության զգացումը, գլխապտույտը, բերանում և աչքերում չորության զգացումը, օրական 4 անգամից պակաս միզարձակումը։

Ամենապարզ նախանշա՞նը․ ծարավի սովորական զգացողությունը

Իսկ մաշկի գույնի և որակի վրա մեր խմած ջրի անմիջական ազդեցության մասին գիտական ապացույցներ դեռևս չկան։

Բոլոր նրանք, ովքեր աշխատում են օրական 8 բաժակ ջուր խմել, այդպիսով իրենք իրենց չեն վնասի։ Սակայն այն հավատը, որ մենք պետք է խմենք անգամ այն դեպքում, երբ օրգանիզմը համապատասխան ազդակներ մեզ չի հղում, կարող է վտանգավոր դառնալ մեզ համար։

Մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումը երբեմն կարող է արյան մեջ նատրիումի խտության նվազման պատճառ դառնալ։ Դա էլ իր հերթին կարող է գլխուղեղի ու թոքերի այտուցման հանգեցնել, քանի որ օրգանիզմը գուցե փորձի վերականգնել նատրիումի մակարդակը։

2018 թ․-ին Լոնդոնյան մարաթոնի վազորդ Ջոանա Պակենեմը, որը վազում էր եղանակային չափազանց շոգ պայմաններում, այնքան շատ ջուր էր խմել, որ իր մոտ առաջացել էր գերհիդրատացում։ Հենց նույն օրը նրան հիվանդանոց են տեղափոխել։

Վերջապես ինչքա՞ն ջուր խմել

Վստահել օրգանիզմի ազդակներին ու խմել այն ժամանակ, երբ ծարավ է առաջանում։

«Անապատի կենտրոնում և ամենասարսափելի շոգի դեպքում մարդու մարմնից մեկ ժամում առավելագույնը 2 լիտր ջուր կգոլորշիանա, սակայն դա շատ դժվար է իրականացնել»,- ասում է Լոնդոնի սպորտի և առողջության ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Հյու Մոնտգոմերին։

«Ինչ վերաբերում է նրան, որ 20 րոպե տևողությամբ զբոսանքի համար պետք է անպայման կես լիտրանոց շշով ջուր վերցնել, ապա դժվար թե դուք այդքան շոգեք ու ջրազրկվեք, անգամ եթե քրտինքը հոսի ձեր վրայից»։

Սակայն եթե ձեզ համար կարևոր են պաշտոնական հրահանգները, ապա Առողջապահության բրիտանական ազգային համակարգի խորհրդով օրական պետք է խմել 6-8 բաժակ հեղուկ՝ ներառյալ անյուղ կաթն ու շաքար չպարունակող այլ ըմպելիքները, նաեւ՝ սուրճն ու թեյը։

Բացի այդ, արժե հիշել, որ 60 տարեկանից հետո օրգանիզմում ծարավի մեխանիզմները պակաս զգայունակ են դառնում։

Ինչպես նշում է պրոֆեսոր Դեյվին, տարեցների մոտ ջրազրկման վտանգն ավելի մեծ է, քան երիտասարդների։ Ուստի տարեց մարդիկ ավելի ուշադիր պիտի լինեն։

Շատ փորձագետներ համակարծիք են, որ հեղուկի հանդեպ պահանջը կախված է տարիքից, քաշից ու սեռից, շրջակա միջավայրի պայմաններից ու ֆիզիկական ակտիվությունից։

Մասնագետները նաև համաձայն են, որ, այնուամենայնիվ, պետք է վստահել օրգանիզմի ազդակներին ու խմել այն ժամանակ, երբ ծարավ է առաջանում։

 

Աղբյուր՝ BBC, ՋԵՍԻԿԱ ԲՐԱՈՒՆ

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930