«ՊԵԿ-ի նշանակումները Շիրակի մարզում լինում են ծանոթ-բարեկամով: Արմեն Հակոբյան, ով հայտնի է Շիրակի մարզում՝ որպես օպերի Արմեն, ով եղել է հարկայինի աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ ու իրեն ճանաչել ու ճանաչում են՝ որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող: Եվ այս մարդը այսօր՝ 2019 թվականին նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, որը հենց Դավիթ Անանյանի համակուրսեցին է». ԱԺ-ում այսպիսի հայտարարություն էր արել «Իմ քայլի» պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Նա ասել էր, որ երբ ՊԵԿ-ին է դիմել պարզաբանում ստանալու, «լոլոներ» են եղել: Ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին՝ «Սոֆիա Հովսեփյանը եւ իր մի քանի դիմումատուներն այսուհետ ըմբռնումով կմոտենան այն փաստին, որ ՊԵԿ-ի կողմից Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությունը կարող է նաև չհամընկնել Սոֆիա Հովսեփյանի եւ նրա ծանոթ-բարեկամների պատկերացումներին եւ ցանկություններին»:
Aravot.am-ի հետ զրույցում Սոֆիա Հովսեփյանը հարցին՝ շա՞տ են հիմա մեր երկրում այն չինովնիկները, ովքեր նախկին ռեժիմի կանոններով են աշխատում՝ պատասխանեց. «Իրականում այդ մարդիկ, ցավոք սրտի, դեռ կան: Ես խնդիրը չեմ տեսնում իրենց մեջ, խնդիրը տեսնում եմ իրենց արարքներում, իրենց սովորույթների մեջ : Ցավ է, որ ժամանակ է անցել, բայց իրենք տարիների կուտակածը դեռ չեն ուզում փոխել: Չեն հասկանում, որ վերջապես նոր Հայաստան է, նոր մոտեցումներ են, նոր վերաբերմունք պետք է լինի թե՛ մարդկանց նկատմամբ, թե՛ առհասարակ երկրի, պետականության, իշխանության եւ օրենքների նկատմամբ: Բոլոր ոլորտներում կան նմանատիպ արատավոր երեւույթներ, որոնք ստորին շերտում են արդեն իսկ եւ շատ բարդ է լինում յուրաքանչյուրին բացատրելը,. Որ գիտեք ինչ, եթե դուք նախկինում վարվել եք այսպես կամ այնպես, ապա դուք այսօր ուղղակի իրավունք չունեք այդպես վարվելու: Եթե դուք նախկինում մարդկանց ծանոթով եք գործի ընդունել, ապա այսօր դուք իրավունք չունեք, պետք է գնահատեք իրենց գիտելիքները: Եթե նախկինում դուք հարկայինում աշխատելով՝ հարկերից ինքներդ եք զերծ մնացել՝ ուրիշի հարկը հավաքելով, ապա դուք իրավունք չունեք այդպես լինելու, առաջին հարկատուն դուք պետք է լինեք»:
Սոֆիա Հովսեփյանն ասաց. «Եթե օպերի արմենները չեն գիտակցում եւ չեն լինելու այնպիսին, ինչպիսին մեր պահանջն է, ապա իրենք ուղղակի չեն լինելու այնտեղ, որտեղ որ իրենք կլինեն: Ես չեմ պատրաստվում նստեմ ու սպասեմ, որ գիտեք, oպերի Արմենը պետք է մնա եւ շարունակի նույն գործելաոճը»:
Կարդացեք նաև
Պատգամավորը վստահ է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շատ լավ տեղյակ է այս ամեն ինչին, որովհետեւ իր կուրսեցին է եղել. «Արմենի գործողությունների մասին նա շատ վաղուց արդեն տեղյակ էր, ամբողջ մի մարզ խոսում էր դրա մասին: Եթե տեղյակ չի, շատ լավ, ես տեղեկացրեցի, հաջորդ քայլերն արդեն ձերն են: Ես չեմ պատրաստվում բարձրաձայնեմ, ասեմ՝ դե լավ, խոսեցի ու վերջ, ի՞նչ փոխվեց, oպերի Արմենը դարձա՞վ հարկատու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ