Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծրացած թատերական համակարգ

Ապրիլ 14,2019 10:30

Խորհրդային և հետխորհրդային ժամանակի թերի ղեկավարման մեխանիզմ, որը ներկայիս թատրոնների համար արդի չէ։ Թատրոնի տնօրենն է որոշում, թե ով պետք է լինի նրա գեղարվեստական ղեկավարը, որոշում է թատրոնի ներքին և արտաքին հարցերը, իսկ թատրոնի գեղարվեստական հատվածը ապահովող անձը, այսպես ասած, կատարող է տնօրենի ձեռքերում։

Արդյո՞ք թատրոնների տնօրենները և գեղարվեստական ղեկավարները համակարծիք են այս կառավարման համակարգի հետ. Կամերային թատրոնում կա երկու հաստիք. տնօրենի հաստիքը զբաղեցնում է Լուսինե Երնջակյանը, իսկ գեղարվեստական ղեկավարինը՝ Արա Երնջակյանը։ Բայց եղել է ժամակաշրջան, երբ երկու հաստիքն էլ զբաղեցրել է մեկ անձ. «Կամերային թատրոնի պատմության մեջ եղել է ժամանակաշրջան, երբ թե՛ գեղարվեստական ղեկավարի և թե՛ տնօրենի պաշտոնը ստանձնել է մեկ անձ, և ամեն ինչ եղել է ավելի քան լավ, և տարիներ շարունակ թատրոնը ունեցել է հաջողություններ, և մեր թատրոնի պարագայում տվյալ համակարգը արդարացրել է իրեն, բայց ասել, որ նման գործելաոճը ճիշտ է, բոլոր թատրոնների համար սխալ է, գուցե մեծ թատրոնների պարագայում բարդ լինի համատեղել այդ ամենը»,- նշեց Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երջնկյանը։

Այժմ Կամերային թատրոնը ունի այլ գործելաոճ, որը, ըստ տնօրենի, նույնպես արդարացված է։ Ըստ Կամերային թատրոնի տնօրենի՝ տվյալ պարագայում լուծումը մեկն է. երկու հաստիքն էլ ունենան հավասար լիազորություններ. «Ամեն դեպքում թատրոնի գլխավոր դեմքը գեղարվեստական ղեկավարն է և իրենով է պայմանավորված թատրոնի հաջողությունն ու ճանաչվածությունը, մյուս կողմից կա այլ երևույթ, երբ թատրոնը գերի է ընկնում գեղարվեստական ղեկավարի քմահաճույքների ձեռքը։ Տվյալ պարագայում ճիշտ է, որ երկուսն էլ համագործակցեն և լինեն հավասար, և ունենան հավասար լիազորություններ»։

Թատրոնների ներքին խնդիրը բխում է նրանից, որ նրանք նույնպես համարվում են ՊՈԱԿ, և գործում են նույն օրենքների շրջանակներում, ինչ որ դպրոցները կամ մանկապարտեզները, այսինքն գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ներքին լուծում է և հաստիք։

Տիկնիկային Թատրոնի տնօրենը նշում է, որ 2001 թվականից ասվում է, որ օրենքը կհղկվի, բայց ոչ մի փոփոխություն չկա, հետևաբար խնդիրը մնում է անլուծելի. «Ամբողջ խնդիրը կայանում է ՊՈԱԿ-ի մասին օրենքի մեջ, որի մեջ 2001-ից ներգրավված են շատ կազմակերպություննբեր՝ այն խոստումով, որ հետագայում օրենքը, այսպես ասած, կհղկվի, քանի որ նույն օրենքը չի կարող գործել տարբեր ոլորտների համար։ ՊՈԱԿ-ի շրջանակներում չկա գեղարվեստական ղեկավար հասկացողությունը. կա միայն տնօրեն ասվածը։ Գեղարվեստական ղեկավարը թատրոնի ներքին պաշտոնն է, որը ոչ մի իրավասություն չունի տնօրենի վրա. այսպես է պահանջում օրենքը, որը սխալ է»։

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ տվյալ օրենքը սխալ է, որը, բնականաբար, բացասաբար է ազդում թատրոնների զարգացման և բարելավման վրա, իսկ օրենքի հիմնական գործոնը չպետք է լինի սահմանափակելը. «Օրենքի հիմնական խնդիրը չպետք է լինի արգելափակելը, այլ պետք է լինի խթանելը։ Օրենքով մահվան են դատապարտել Սոկրատեսին, օրենքով գնդակահարել են Չարենցին, օրենքով բանտ են նստեցրել Փարաջանովին, հետո այդ բոլոր օրենքները գնացել են, իսկ մարդիկ մնացել են որպես մեծություն, իսկ որպես արդյունք՝ կա կտրված կյանք, ի՞նչ շահեց հայ ժողովուրդը, եթե օրենքին համապատասխան Փարաջանովը մի քանի տարի անցկացրել է բանտում»,-նշեց տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

Չնայած որ, ըստ նրա, օրենքը սխալ է, միևնույն է՝ Տիկնիկային թատրոնը հետևում է նրան, և գտել է իրենց թատրոնի համար նպատակահարմար տարբերակ. «Մեր պարագայում մենք փորձեցինք լուծել այդ խնդիրը այսպես, որ հանեցինք գեղարվեստական ղեկավարի հաստիքը, և ես հիմա ունեմ մեկ պաշտոն, ստանում եմ մեկ աշխատավարձ, բայց կատարում եմ երկու գործառույթ։ Թատրոնի հաջողությունները, ըստ իս, գալիս են այստեղից, քանի որ մեկ անձ է կառավարում թատրոնը, և պատասխանատվությունը միայն ինքն է կրում։ Համակարգը փակ է և կարծրացած, որը չի նպաստում, առաջին հերթին, ստեղծագործական աշխատանքի բնույթին, որի համար կոչված է առաջին հերթին թատրոնը»։

Ռուբեն Բաբայանը միայն այս առաջարկով չի սահմանափակվել, և առաջարկել է նաև այլ տարբերակ, որը կգործի բոլոր թատրոններում։ «Ստեղծվեց հանձնաժողով, ես այդ հանձնաժողովի անդամներից եմ, և նոյեմբեր ամսին առաջարկել եմ միջանկյալ լուծում, ըստ որի՝ թատրոններին պետք է տային հիմնադրամի կարգավիճակ, բայց տվյալ լուծումը չնդունվեց,  և, բնականաբար, խնդիրը մնաց անլուծելի կարգավիճակում։ Տվյալ իրավիճակը մասնագիտական վիրավորանք է, ոչ թե մարդկային, այլ հենց մասնագիտական վիրավորանք»։

Թատրոնների ներքին խնդիրը դեռևս մնում է անլուծելի, ըստ թատրոնի ղեկավարների՝ համակարգը փակ է և կարծրացած, և եթե խնդրին լուծում չտրվի, խնդիրները էլ ավելի կխորանան։ «Ես կարծում եմ՝ եթե անկեղծ ցանկություն լիներ, որպեսզի գտնեն օպտիմալ լուծումը և ճիշտ տարբերակը՝ խոսելով և քննարկելով ոլորտի մասնագետների հետ, դա կգտնվի, բայց քանի որ դեռ ոչ մի քայլ չի արվել բարելավման համար, կարծում եմ՝ իշխանությունները ցանկություն էլ չեն ունեցել։ Նրանք կարծում են, որ ամեն ինչ և ամենքին կարելի է փոխարինել, բայց արվեստում կանոնները այլ են, արվեստում մարդիկ անփոխարինելի են»,- նշեց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

 

Թերեզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930